211652_close_icon
views-count1045 դիտում article-date 21:28 19-06-2023

Պապիկյանը Ֆրանսիայում ծաղիկներ է խոնարհել դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի հուշահամալիրին

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելեց Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ 1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը և նրա խմբի անդամները։

Ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի և Ֆրանսիայի ազատագրության համար զոհված այլ հայազգի հերոսների` ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ խոնարհեց «Մարտնչող Ֆրանսիա» հուշակոթողի առջև, այնուհետև շրջայց կատարեց հուշահամալիրի տարածքում։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունն առաջիկայում Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու վերաբերյալ։

 

Նմանատիպ նյութեր