211652_close_icon
views-count46737 դիտում article-date 16:09 18-06-2023

Շղթայական ավտովթար Երևանում․ Դալմայի մոտ բախվել են Nissan-ը, Opel-ը, Renault-ն ու Gazel-ը․ կա վիրավոր․ դեպքի վայրում մասիվցի «հեքիաթ պատմող Քաջ Նազար մականվամբ Հրայրիկը» առյուծ էր կտրում, պարեկներին տեսավ՝ դարձավ «խոնարհ հարս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում «Դալմա» առևտրի կենտրոնի հարևանությամբ բախվել են Nissan, Opel, Renault մակնիշի ավտոմեքենաները և թիվ 258 երթուղին սպասարկող Gazel-ը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայրում մի երիտասարդ խոչընդոտում էր նկարահանումները, ասելով, որ լրագրողները իրավունք չունեն նկարահանումներ կատարեն, քանի որ իր սիրտը այդպես է ուզում, և փորձում էր խլել նկարահանման սարքը։ Պարեկները կանխեցին այդ «ուղեղից ու մտածելակերպից հաշմանդամին», սակայն նա շարունակում էր հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել։ Այնուամենայնիվ՝ որոշ ժամանակ անց իրեն առյուծի տեղ դրած երիտասարդը վթարի վայրից «հոդս ցնդեց»։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քաղաքացիներ ասում էին, որ ճանաչում են այդ երիտասարդին, ով Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ է ու թաղում ավելի շատ հայտնի է «հեքիաթ պատմող Քաջ Նազար մականվամբ Հրայրիկ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր