211652_close_icon
views-count739 դիտում article-date 17:00 16-06-2023

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը Սանկտ Պետերբուրգում՝ ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին, Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին, հանդես է եկել ելույթով և անդրադարձել բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու հարցում ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներին: Հայտնում է Դատախազությունը։

Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական երաշխիքները, բիզնեսի և ներդրումների ոլորտներում ընթացակարգային պահանջները պարզեցնելուն և բարեփոխումներ իրականացնելուն ուղղված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու համար կարևոր է նաև գործնականում արդյունավետորեն կիրառել դրանց պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ քրեական օրենսդրության պաշտպանության միջոցները։  «Հենց այս հարցում կարևոր դերակատարում ունեն Դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները: Հայաստանի դատախազությունն իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակներում երաշխավորում է հանրային և մասնավոր շահերի պաշտպանությունը ոտնձգություններից, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դրսևորումներից՝ դրանով իսկ նպաստելով օրինական, ազատ ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ձևավորմանն ու Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Անդրադառնալով հասարակության տնտեսական շահերը ոտնահարող հանցագործությունների հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ Դատախազության աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում Հայաստանի դատախազությանը, բացի պետական շահերի պաշտպանության հայց հարուցելուց, կրկին վերապահվել է համայնքային շահի պաշտպանության լիազորությունը։

Ելույթի ավարտին Աննա Վարդապետյանն ընդգծել է բարեխիղճ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը և վստահեցրել, որ այդ խնդրի լուծումն առաջնահերթություն է ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ Դատախազության համար:

Նմանատիպ նյութեր