211652_close_icon
views-count1705 դիտում article-date 15:12 14-06-2023

«Իմ միջոցը նկարչությունն է». բեմանկարիչ Տիգրան Հարությունյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Գույների հետ խաղը շնորհալի բեմանկարիչ Տիգրան Հարությունյանի համար դարձել է մեր աշխարհում նոր աշխարհ ստեղծելու պատճառ։

Տիգրանը սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։ Աշխատում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, նաեւ որպես բեմանկարիչ ներգրավված է տարբեր կինոնախագծերում եւ ուսանողական ներկայացումներում։ Բազմազբաղ երիտասարդը նաեւ գրքեր է նկարազարդում։ 2021 թվականին կայացել է նրա «Հեքիաթ քնից առաջ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Տիգրանի արվեստն ունի լայն ընդգրկում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնանում է եւ՛ ինքնատիպությամբ, եւ՛ բովանդակային խորությամբ։

Նա ստեղծագործելու հետաքրքիր ոճով իր կնիքն է թողնում ժամանակակից արվեստում։ «Նկարելու առաջնահերթ պահանջը սեփական հույզերս կտավին հանձնելն է։ Հաճախ մենք ամենատարբեր էմոցիաներ ենք կուտակում մեր մեջ, եւ եթե չգտնենք գոնե մի միջոց՝ դրանք դուրս հանելու, երեւի կպայթենք։ Իմ միջոցը նկարչությունն է։ Նկարչությունը միջոց է նաեւ կյանք տալու իմ հերոսներին, որոնք ապրում են իմ մտքերում եւ իմ գրած պատմվածքների տողերում»,-վստահեցնում է Տիգրանը։ Տիգրանի կտավներից շատերում հեքիաթային աշխարհ է, նույնքան հեքիաթային ու անիրական թվացող կերպարներով։

Ասում է՝ դեռ մանկությունից հեքիաթներ շատ է սիրել, ինչն էլ հասցրեց մի կետի, երբ ինքն անձամբ ցանկացավ ստեղծել հեքիաթային աշխարհ թե՛ գրականության, թե՛ նկարչության մեջ։ «Իմ նկարների հերոսներն իրենց աշխարհում ապրում են սիրո, բարության, խաղաղության ու ներդաշնակության մեջ, ինչը թերեւս ամենակարեւորն է «բոլոր աշխարհներում»,- ասում է զրուցակիցս, նաեւ նշում, որ վաղուց գրում է, եւ ինչ-որ մի պահի հասկացավ՝ ուզում է տեսնել իր պատմվածքների հերոսներին, կերպարանք տալ ու թողնել նրանց, որ ապրեն մե՛ր աշխարհում։

«Սկզբնական շրջանում կտավներիցս յուրաքանչյուրը պատմում էր կոնկրետ հերոսի, նրա կյանքի որեւէ իրադարձության մասին կամ պարզապես ցույց էր տալիս այն աշխարհը, որտեղ նա բնակվում էր։ Ավելի ուշ՝ մտքերս ինձնից առաջ էին ընկնում, եւ հաճախ չէի հասցնում դրանք թղթին հանձնել, ուստի անմիջապես նկարում էի, որ չկորցնեմ։ Իմ ստեղծագործություններում գրականությունն ու նկարչությունն անընդհատ զուգահեռվում են եւ սերտորեն փոխկապակցված են իրար հետ»,- ասում է Տիգրանը »։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:
 

Նմանատիպ նյութեր