211652_close_icon
views-count1237 դիտում article-date 15:51 28-05-2023

Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ մի խումբ զինծառայողների է պարգևատրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։ Տեղեկացնում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը։

Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնել խիզախության և նվիրումի համար:

Իր խոսքում Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը մեր պետականության ամենախորհրդանշական տոնն է և մեր պատմության ամենապայծառ դրվագներից մեկը:

1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը Սարդարապատի հերոսամարտում մեր հաղթանակի անմիջական արդյունքն էր և ավելի քան 500 տարվա դադարից հետո հայկական պետականության վերածննդի հռչակագիրը:

Առաջին Հանրապետությունը ձևավորվեց մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, երբ չունենալով բարեկամ ու դաշնակից մեր ժողովուրդը, մեր պետական այրերը կարողացան գտնել համախմբման ու զորեղ հակառակորդներին դիմագրավելու ներուժը:

Նույն էր նաև 1991-ին, երբ մեզ կրկին պարտադրվեց պատերազմ և նորից մենք պետք է մեր անկախ պետականությունը կերտեինք պատերազմի բովում ու դիմադրության ճիգով՝ ճաշակելով և կորուստների դառնությունը, և հաղթանակների բերկրանքը:

Մենք կարողացանք մեր միասնությամբ, մեր պայքարով ցույց տալ աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության լինելու իրավունքը:

Այսօր՝ 2023 թվականի մայիսի 28-ին, երբ Առաջին հանրապետությունը վաղուց արդեն պատմություն է, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը մեր ներկան, լավ առիթ է մեր պատմությունը, անկախ պետականության անցած ուղին վերարժևորելու և գնահատելու համար: Ընդհանրապես, թե Առաջին հանրապետության, թե Խորհրդային Հայաստանի վերաբերյալ հնչում են ամենատարբեր գնահատականներ, սակայն իրականությունն այն է, որ մեր անկախ պետականությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է:

Մենք համոզված ենք, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր իշխանությանն ու մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք դիմագրավել դժվարին մարտահրավերներին և կերտել այն երկիրը, որի մասին երազում ենք:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ հաջողություններ, ուժ, կորով ու ամրություն մեր պետականությանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր