211652_close_icon
views-count877 դիտում article-date 12:04 25-05-2023

Ակնկալվում է դեղագործական ոլորտի արտադրության ծավալները 2027-ին հասցնել 40 մլրդ դրամի. Քերոբյան

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն տեղեկացրեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011թ-ի համեմատությամբ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան երկու անգամ:

Նախարարի ներկայացրած ծրագրի հիմնական նպատակը դեղագործական արդյունաբերության շարունակական զարգացումն է, և ՀՀ դեղորայքային ինքնաբավության մակարդակը բարձրացնելը, ինչը հնարավոր է` ապահովելով հետևյալը. տեղական դեղերի արտադրության ծավալների աճ, տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ, ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում:

Նախարարի խոսքով՝ Ծրագրով նախատեսված նպատակների համար նախանշվել են միջոցառումների ուղղությունները և անհրաժեշտ գործիքների ներդրումը. օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան մասնագիտական կադրերի ապահովում և դեղագործական արդյունաբերության արտադրողականության բարձրացում, ներքին շուկայում տեղական արտադրանքի ավելացում, ոլորտի ճանաչելիության մակարդակի բարձրացում, արտահանման շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում, տեղական հումքային բազայի ստեղծում, միջազգային համագործակցության ընդլայնում, դեղագործական ոլորտում ավելի խորը հետազոտությունների իրականացման օժանդակություն, աջակցություն դեղագործական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծմանը:

«Վերոնշյալ գործիքակազմի կիրառման արդյունքում ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027 թվականին հասցնել 40 մլրդ դրամի. 2022 թվականին նույն ցուցանիշը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, արտահանման ծավալները՝ 25 մլրդ դրամի, որը 2022 թվականից մոտ 5 անգամ ավելի է, աշխատողների թվաքանակը հասցնել 1500 մարդու: Այս ծրագրի լրացուցիչ բյուջեն կազմելու է մոտ 2.5 մլրդ դրամ»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, որը գրանցել է արտահանման աճ գլոբալ ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ներկայումս արտահանման ընդլայնման տեսանկյունից նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև ԵԱՏՄ անդամակցությունը և մուտքը ԵԱՏՄ միասնական շուկա:

Ոլորտի զարգացման կարևոր նախապայման է նաև արտահանման ներուժի զարգացումը, այդ թվում արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Ոլորտի զարգացման հնարավորությունների շարքում կարելի է դասել նաև նոր դեղերի արտադրության կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն իրականացնել ներմուծման փոխարինում տեղական շուկայում, և օգտագործել տեղական գիտական մշակումները՝ թողարկելով նոր դեղեր արտահանման համար։

Ոլորտի զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա նաև պետական աջակցության տրամադրումը։

ՀՀ-ում իրականացվող քաղաքականությունը նպատա¬կաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ դեղագործական) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

Նմանատիպ նյութեր