211652_close_icon

Հայաստանում Խաղաղության կորպուսի 16 կամավորներ երդում են տվել

views-count1057 դիտում article-date 15:51 24-05-2023
Մայիսի 24-ին տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա  կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ Խաղաղության կորպուսի բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին նշեց, որ կամավորներն արդեն  ավարտել են հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն հաջորդ երկու տարվա ընթացքում: Հյուրընկալող հայ ընտանիքներում ապրելով՝ կամավորների մի մասը կհամագործակցի դպրոցների անգլերենի ուսուցիչների հետ՝ աջակցելու աշակերտներին բարելավել օտար լեզվի իրենց հմտությունները: Կամավորների մի մասն էլ կաշխատի երիտասարդների և երիտասարդական աշխատողների հետ՝ օգնելով երիտասարդներին դառնալ արդյունավետ և քաղաքացիական ներգրավվածություն հանդես բերող չափահասներ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կարևորելով կամավորների վերադարձը և նրանց երդմնակալության արարողությունը, նշեց, որ արդեն երեք ամիս է՝ գտնվում է Հայաստանում, հասցրել է բազմաթիվ դրական գնահատականներ, արձագանք լսել Հայաստանում խաղաղության կորպուսի կամավորների իրականացրած աշխատանքի և գործունեության վերաբերյալ:

«Մենք հավատացած ենք, որ ոչ միայն կրթությունը, երիտասարդական ծրագրերն են Խաղաղության կորպուսի աշխատանքներում իրենց կարևոր դերակատարումը ունենում, այլ նաև առանձնահատուկ կարևորություն ունեն այն շփումները, կապերը, որ ձևավորվում են մարդկանց միջև: Ունենք նաև կամավորներ, ովքեր նորից  վերադարձել են: Կարող եմ վստահաբար ասել, որ այս ծրագիրը օգնել և նպաստել է հայ-ամերիկյան հարաբերությունները առավել սերտ ու բարեկամական դարձնելուն: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հյուրընկալող ընտանիքներին, դպրոցներին, երիտասարդական կազմակերպություններին  Խաղաղության կորպուսի կամավորների առաջ իրենց դռները բացելու և ջերմ ընդունելու համար, իսկ կամավորներին՝ բարեկամ դառնալու և լավ ծառայության համար»,- եզրափակեց ԱՄՆ դեսպանը:

Նմանատիպ նյութեր