211652_close_icon
views-count916 դիտում article-date 12:44 19-05-2023

254 մլն դրամ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար

2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում և արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ:

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով: Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` 177 մլն դրամը կտրամադրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 3 համերգների կազմակերպմանն ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում, իսկ 77 մլն դրամը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը Ֆրանսիայում (2 ներկայացում):

Նշենք, որ մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ և բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և այլն: Մասնավորապես՝

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 170-Ն որոշմամբ արդեն իսկ հատկացվել է գումար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հյուրախաղերի իրականացման համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի դրամաշնորհային մրցութային ծրագրերով նախատեսված են՝

«Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոն» Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն,
«Արամ Խաչատրյան-120» նախագիծ ( Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց
2023 թվականի բյուջեով նախատեսված է Արամ Խաչատրյանի անվան միջազգային 19-րդ մրցույթը ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի հատկացումների հաշվին նախատեսվում են՝
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Վրաստանում,
«Խաչատրյան» եռյակի հյուրախաղերն արտերկրում (Իտալիա, Արգենտինա, ՍԾՏՀ երկրներ, ՌԴ, Հունաստան, Լեհաստան, Չինաստան, Մոնակո),
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակում (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),
Հոբելյանական համերգ, Գյումրի և Կապան քաղաքներում մարզային երկու համերգ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ Ա. Խաչատրյանի ստեղծագործությունների ձայնասկավառակ-տեսաբացիկներ (Ա. Խաչատրյանի մասին ավագ դասախոսների հուշերի և ուսանողների կատարումների տեսաձայնագրություններ), ուսանողական միջբուհական գիտաժողով (Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա),
«Արամ Խաչատրյան-120» գիտահանրամատչելի ալբոմ (անգլերեն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան),
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգային հյուրախաղերն ԱՄՆ-ում (Կամերային երաժշտության ազգային կենտրոն),
«Արամ Խաչատրյան 120» առցանց ռադիո նախագիծ (Հայաստանի պետական ֆիլհարմոնիա),
«Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված տեսաֆիլմի պատրաստում և հեռարձակում ( «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ),
բրիտանացի ջութակահար Արաբելլա Շտայնբախերի երևանյան համերգ («Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ):
Ծրագրում ներառված են հանրապետության առաջատար պետական կոլեկտիվները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Խաչատրյան եռյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որոնք համերգներով հանդես կգան արտերկրում (Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Ռուսաստան, Վրաստան և այլն):

Այսպիսով՝ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի արտերկրում մեծանուն կոմպոզիտորի և նրա թողած անգնահատելի ժառանգության վերարժևորմանը և հանրահռչակմանը:

Նմանատիպ նյութեր