211652_close_icon
views-count1207 դիտում article-date 09:10 19-05-2023

Ի՞նչ միջոցներով են նախարարները գործուղումների մեկնում. կառավարությունը գաղտնի է պահում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել:

Մշտապես թափանցիկ կառավարման մասին թմբկահարող հեղափոխական իշխանությունն այլեւս այնքան է հեռվացել իր իսկ սկզբունքներից, որ հարկ չի համարում անգամ նախարարների գործուղումների մասին տեղեկություն տրամադրել:

Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կայքից տեղեկանում է, որ վարչապետը որոշումներ է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան գործուղումների վերաբերյալ:

Այսպիսով, Անդրեասյանը հունիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Կազան) Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ Անահիտ Ավանեսյանը մայիսի 21-23-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային մասնակցելու նպատակով:

Վարչապետի որոշումներում որեւէ խոսք չկա՝ թե ինչ միջոցներով են նախարարները գործուղումների մեկնելու՝ ՀՀ պետբյուջեի՞, թե՞ հրավիրող կողմն է հոգալու ծախսերը:

Նկատենք, որ մշտապես թե՛ ԱԺ կայքում, թե՛ կառավարության կայքում հրապարակված գործուղումների մասին որոշումներում հստակ նշված է եղել, թե ինչ միջոցների հաշվին են պատգամավորները կամ նախարարները գործուղման մեկնում:
Կարող ենք արձանագրել, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը հերթական հետքայլն է անում իր իսկ սկզբունքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր