211652_close_icon
views-count28682 դիտում article-date 21:32 18-05-2023

Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել 62-ամյա հովվին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, մարդատար գնացքի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 13:30-ի սահմաններում Արագած-Քարակերտ հատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող Է.Պ-2 Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել ավագ պարեկ Արման Սարգսյանն ու կրտսեր պարեկ Սերոբ Սերոբյանը:

Պարզվել է, որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թալինի հիվանդանոց է տեղափոխել Արագածավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հրաչ Մկրտչյանին:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Է․ Հարությունյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մկրտչյանը վրաերթի է ենթարկվել այն ժամանակ, երբ խոշոր եղջերավոր անասուններին երկաթգծի վրայով անցկացնելիս է եղել:

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր