211652_close_icon

Արցախի նախագահն արձագանքել է ԱԺ նախագահի հայտարարությանը

views-count1258 դիտում article-date 19:58 18-05-2023
ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի` ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն՝ արձագանքելով այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի` ԱԺ լիագումար նիստում այն հայտարարությանը, որ Հանրապետության նախագահին առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին:

Թովմասյանի խոսքով, եթե այդ մոդելը չաշխատի, նախագահը պետք է կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնի, կա՛մ դնի իր վստահության հանրաքվեն: 
«Նշեմ, որ մայիսի 15-ից Նախագահը հանդիպում - քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Արայիկ Հարությունյանը պատրաստ է լսել Արցախի Հանրապետության ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերին»,- նշել է Լուսինե Ավանեսյանը և ավելացրել, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ պատշաճ կերպով կիրազեկվի հասարակությունը:

Նմանատիպ նյութեր