211652_close_icon
views-count1195 դիտում article-date 10:41 17-05-2023

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են և հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Ավելին, ՔԿՀ մուտքի մոտ կառուցվում է նոր սպասասրահ՝ նախատեսված եղանակային ցանկացած պայմաններում տեսակցության գործընթացի անարգել իրականացումն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկի վերանորոգման խիստ անհրաժեշտության, զբոսաբակերում մարմնամարզության սարքերի և սպորտային պարագաների սակավության կամ բացակայության, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված միջավայր ունենալու անհրաժեշտության հետ կապված մի շարք հարցեր։

Բողոքներ են եղել նաև խմելու ջրի մատակարարման և պարբերաբար անջատումների առնչությամբ:

Այցի ընթացքում արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց ցուցված դեղորայքը չտրամադրելու դեպքեր։

Օտարերկրյա քաղաքացիների բողոքները վերաբերել են հիմնականում ՔԿՀ-ներում հաղորդակցման դժվարություններին և իրավասու մարմնի կողմից տրամադրման ենթակա դատական ակտերի թարգմանությունների բացակայությանը:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կներկայացվի իրավասու մարմիններին։

Նմանատիպ նյութեր