211652_close_icon
views-count892 դիտում article-date 15:29 15-05-2023

Ինչ ազդեցություն կունենա մայիսին տեղացած ձյունը․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումը

Նման երևույթներ սկսել են գրանցվել անցած տարվանից սկսած։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ խոսելով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված եղանակային կտրուկ փոփոխություններից։

«Սա բացառիկ երևույթ է, որ մայիս ամսին՝ հատկապես մայիսի երկրորդ և երրորդ կեսին, հանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներ են լինում, բայց սա աննախադեպ չէ։ Նման իրավիճակ շատ հազվադեպ է դիտվում, բայց երբեմն մեր բնակլիմայական պայմաններում այդպես լինում է»,- ասաց Սուրենյանը։

Խոսելով նախորդ տարիների ընթացքում գրանցված նմանատիպ ջերմաստիճանային տատանումներից՝ Սուրենյանն ասաց. «Ձյան տեսքով տեղումներ անցած տարի էլ ենք մենք ունեցել՝ մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակում, հատկապես մայիսի 20-ին և 24-ին, երբ էլի հանրապետության մի շարք լեռնային գոտիներում դիտվեց ձյուն։ Հիմա այս դեպքում էլ հանրապետության մի շարք լեռնային շրջաններում՝ Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի, Սյունիքի մարզի լեռնային գոտիներում, այսինքն՝ այն բնակավայրերում, որոնք գտնվում են 2000 և ավելի մետր բարձրության վրա, այսօր գիշերը նորից դիտվել են ձյան տեսքով տեղումներ և ձևավորվել է ձնածածկույթ՝ առանձին հատվածներում մինչև 10-15 սմ բարձրությամբ»,- ասաց Սուրենյանը։

Խոսելով նման եղանակային տատանումների գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցությունից՝ Սուրենյանն ասաց. «Այն օդերևութաբանական կայանները, որտեղ որ մենք մոնիթորինգ ենք անում, 0-ից ցածր ջերմաստիճան չեն ֆիքսել, խոսքը բնակավայրերի մասին է, այսինքն՝ Գեղարքունիքի մարզում ձյուն տեղացել է, բայց դա տեղացել է 0, +1 աստիճանի տակ, այսինքն՝ որպես այդպիսին բացասական ջերմաստիճան այսօր դեռևս չի գրանցվել»,- ասաց Սուրենյանը։

Դիտարկմանը, որ այսինքն՝ ցրտահարության վտանգ չունենք, Սուրենյանն արձագանքեց. «Ոչ թե որևէ վտանգ չունենք, կարող են որոշակիորեն ազդել պտղատու ծառերի վրա, բայց այդպես շատ ցածր ջերմաստիճաններ չենք գրանցել, որ նկատելի վնասներ լինեն»,- ասաց Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր