211652_close_icon
views-count664 դիտում article-date 18:40 05-05-2023

Կարողանալու ենք Երևանը վերադարձնել երևանցիներին, իսկ հայ մարդուն՝ իր հպարտությունը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Արթուր Թարխանյան կենտրոնը» համագործակցություն հուշագիր են ստորագրել 

Հարազատ մայրաքաղաքը սիրող, Երևանով ապրող ու ոգեշնչվող մարդիկ մեկ վայրում էին՝ երևանյան ջերմ ու կոլորիտային միջավայրում։ Նպատակը սիրելի մայրաքաղաքի յուրատիպ դիմագծի վերականգնման գաղափարի շուրջ համախմբվելն էր, հին ու նոր Երևանի զարգացման ու արդիականացման տեսլականով կիսվելը։ 



Մայիսի 4-ին «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և «Արթուր Թարխանյան կենտրոնի» հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ ազդարարելով «Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագրի մեկնարկը։ 

Համագործակցության նպատակը Երևանի դիմագիծը վերականգնելը, մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության ծրագրեր իրականացնելն ու համատեղ ջանքերով Երևանում բարեփոխումներ սկսելն է։ Նախագծերի իրականացմանն աջակցելու է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը։
Համագործակցության մեկնարկի վայրը, և հենց «Արթուր Թարխանյան կենտրոնի հետ» համատեղ գործելը պատահական չէ. Արթուր Թարխանյանն այն հանճարներից էր, ով անմնացորդ նվիրումով և ուրույն ձեռագրով կերտում էր Երևանի  ճարտարապետական հարուստ ժառանգությունը, նա շարունակում էր Թամանյանի սկսած գործը՝ համայն հայության մայրաքաղաք ստեղծելը։ 



«Թամանյանը Երևանը նախագծել էր եվրոպական լավագույն  քաղաքների  օրինակներով, առաջարկել էր պրոգրեսիվ ու ժամանակակից լուծումներն ու գաղափարները։ Եվ այսօր՝ 100 տարի անց, տեսնելով կայուն քաղաքների պահանջները, հասկանում ենք, որ Թամանյանը հենց այդպիսին էլ նախագծել էր Երևանը։ Նա ստեղծել էր սիրո քաղաք՝ կանաչ ու վարդագույն։ Իսկ Թամանյանի հաջորդ սերունդները՝ մոդեռնիզմի շարժման ներկայացուցիչենրը, շարունակեցին թամանյանական ոճն ու ստեղծեցին շենքեր և կառույցներ, որոնց կենտրոնում մարդն էր։ Նրանք ստեղծեցին խորհրդանիշներ, սակայն այսօր ոչնչացվում է այդ ժառանգությունը։ Ես վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ մենք կնպաստենք Երևանի ճարտարապետական և մշակութային վերածննդին»,- նշեց Անահիտ Թարխանյանը, հավելելով, որ համագործակցության հիմնական նպատակը գաղափարներ հավաքագրելը, ուսումնասիրելն ու դրանց կյանք տալն է։  

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ մասնագիտական, արժեքային ու քաղաքական կամքի ու համագործակցության շնորհիվ  Երևանը վերադարձնելու են երևանցիներին, հայ մարդուն՝ իր արժանապատվությունը։ 
«Մենք պետք է ունենանք այդ կամքը՝ վերադարձնելու կորցրածը։ Երիտասարդական պալատի վերականգնումը մեզ հիշեցնելու է հայ մարդու անկախության ձգտման հոգին, Զվարթնոց օդանավակայանը, որն առավելապես դիմավորելու է Երևանի ու երկրի հյուրերին, հիշեցնելու է հայ մարդու ստեղծագործ լինելը, նրա՝ անհնարինը հնարավոր դարձնելու կարողությունը։ Այն հետիոտնային անցումները, որոնք նախագծով կառուցվելու են, հնարավորություն են տալու հանգիստ ու գլուխը բարձր քայլել՝ առանց մտածելու անհարմարությունների մասին, Հաղթանակի զբոսայգու ճոպանուղին զբոսաշրջիկներին ու մեզ բոլորիս հիշեցնելու է, թե որտեղից ենք մենք, ինչ արժեքներ ու ժառանգություն ունենք։ Մեր համագործակցությունը չի սահմանափակվելու միայն առաջիկայում նախանշված ծրագրերով։ Մենք լսելու ենք բոլոր առաջարկները և անելու ենք ամեն բան, որ դրանք դառնան նախագիծ, հետո իրականություն»։ 

Համագործակցության առաջին փուլով նախատեսվում են հետևյալ նախագծերը՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծ՝ համահայկական երիտասարդական կենտրոնի ստեղծում, Զվարթնոց օդանավակայանի արդիականացում Երևանի զբոսաշրջության հնարավորությունների ընդլայնման նպատակով և միացում մետրոյին, Հաղթանակի զբոսայգու և ճոպանուղու նախագիծ՝  IDeA հիմնադրամի աջակցությամբ, փակ հետիոտնային գոտիների ստեղծում Երևանի կենտրոնում, Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում ռեկրեացիոն կենտրոնների և զբոսայգիների ստեղծում։ Առաջիկայում արդեն կմշակվեն և հանրային քննարկման կներկայացվեն մի շարք նախագծեր։



Հուշագրի ստորագրման միջոցառմանը ներկա էին ճարատարպետության, տնտեսագիտական, բիզնես հանրույթի ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ և այլ կառույցներից ներկայացուցիչներ՝ քննարկելու մայրաքաղաքի զարգացման տեսլականը, հնարավորություններն ու համագործակցության ուղիները։ 

Նմանատիպ նյութեր