211652_close_icon
views-count967 դիտում article-date 21:03 01-05-2023

Ֆրանսիայում «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, դատապարտվել է Լաչինի շրջափակումը

Ֆրանսիայի Անտոնի քաղաքի կենտրոնական այգում հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։



«Հաշվի առնելով, որ Անտոնիի քաղաքային այգում հուշակոթողը հանդիսավոր կերպով բացվել է 2015թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում առանցքային դերակատարություն ունեցած, հայտնի փաստաբան, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահի պաշտոնը ստանձնելու օրոք Պատրիկ Դևեջյանի նախաձեռնությամբ՝ այն խորհրդանշական է թե' Անտոնիի, թե' հայ համայնքի և թե' հայ-ֆրանսիական բարեկամության համար։

Ոգեկոչման միջոցառմանը «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Օ-դը-Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, դեսպանության հյուպատոսական ծառայության ղեկավար Սերգեյ Մելքոնյանը, «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Պետրոս Թերզյանը, Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ մերձակա քաղաքների քաղաքապետներ, դեպարտամենտալ և քաղաքային խորհուրդների անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Ելույթներով հանդես եկան Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։

Ելույթներում ֆրանսիացի քաղաքական գործիչները, մասնավորապես, հատուկ անդրադարձով անվերապահ սատարում և համերաշխություն դրսևորեցին անվտանգային լուրջ սպառնալիքներ դիմագրավող Հայաստանին և Արցախին, զորակցության խոսքեր ուղղեցին ամիսներ ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում լիակատար շրջափակման մեջ հայտնված արցախահայությանը։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր