211652_close_icon
views-count589 դիտում article-date 23:28 25-04-2023

Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն ապրիլի 25-ին հանդիպել են արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների եւ գործարների հետ:

Իշխան Սաղաթելյանը հյուրերին է ներկայացրել մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը:

«Ադրբեջանը շարունակում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա՝ վերջին պատերազմում մեր երկիրը չի պարտվել Ադրբեջանին, այլ պատերազմել է Թուրքիայի պես երկրի եւ միջազգային այլ տեռորիստ-վարձկանների դեմ:

Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավարը բարձր է գնահատել հայ-արգենտինական կապերը, կարեւորել խորհրդարանական, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Արգենտինայի հայ համայնքի դերը երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում:

Նմանատիպ նյութեր