211652_close_icon
views-count1120 դիտում article-date 23:51 18-04-2023

«Մենք այսօր կանգնած ենք նաև մեր պատմական լանդշաֆտի կորստի առաջ». ԱՀ ԿԳՄՍՆ

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Արցախի ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել․ «Մեր բազմադարյա պատմության վկաներ հանդիսացող պատմամշակութային կոթողները թշնամու կողմից տարբեր ժամանակներում պարբերաբար ենթարկվել են ասպատակությունների ու բռնայուրացման: Ցավոք, 44-օրյա պատերազմը ևս մեծ հարված հասցրեց Արցախի պատմամշակութային ժառանգությանը: Եթե մինչև 2020 թվականը Արցախում մոտ 4118 վկայագրված հուշարձան կար, այսօր դրանցից շուրջ 2000-ը մնացել է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում (այդ թվում՝ մոտ 169 եկեղեցի, վանական համալիր և մատուռներ): Թշնամու վերահսկողության տակ են մնացել նաև մեր պատմամշակութային արգելոցները:

Բռնազավթված տարածքների հուշարձանների պահպանության առնչությամբ բազմաթիվ նամակներ են հղվել համապատասխան կառույցներին, որոնք կոչված են զբաղվել հակամարտության գոտիներում հուշարձանների պահպանությամբ, սակայն մինչ այժմ իրական գործնական քայլեր չեն ձեռնարկվել:
Պատերազմական գործողություններից հետո էլ թշնամին առիթը բաց չի թողնում ոչնչացնելու և խեղաթյուրելու մեր պատմամշակութային ժառանգությունը, որը մեր ինքնության կնիքն է։ Մենք այսօր կանգնած ենք նաև մեր պատմական լանդշաֆտի կորստի առաջ, որը նույնպես լուրջ մարտահրավեր է:
Մենք շարունակելու ենք միջազգային հարթակում պայքարել՝ ներկայացնելով մեր մշակութային ժառանագության նկատմամբ թշնամու կողմից կատարված վանդալիզմի փաստերը: Բայց, նախ և առաջ, մեր պատմամշակութային կոթողներն ունեն մեզանից յուրաքանչյուրի պաշտպանության ու հոգատարության կարիքը: Մենք պարզապես պարտավոր ենք դարերից մեզ հասած պատմամշակութային ժառանգությունը, որպես մեր պատմության և ինքնության առհավատչյա, հնարավորինս անվնաս փոխանցել հաջորդ սերունդներին»։
 

Նմանատիպ նյութեր