211652_close_icon

Հայրենասիրության մեր մոդելի մեջ հայկական պետականությունը առաջնային օբյեկտ չի եղել երբեք. Նիկոլ Փաշինյան

views-count985 դիտում article-date 14:50 18-04-2023
Մենք ամենևին էլ իշխող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Այս իրավիճակի թերություն այն է, որ բարոյական արգելքներն ու արգելակները մեզ թույլ չեն տալիս ժողովրդի թիկունքում գործարքների գնալ այլ էլիտաների հետ, ինչը  մեր շուրջը մեծացնում է լարվածությունը, առավելությունն այն է, որ մենք շարունակում ենք էմոցիոնալ, սոցիալ-հոգեբանական  ամուր կապի մեջ լինել, պորտալարով կապված լինել մեր ժողովրդի հետ, ինչը հնարավորություն է տալիս լռելյայն հասկանալ շատ բաներ, որոնց բարձրաձայնումը կարող է բերել նույնիսկ միջազգային սկանդալների և աշխարհաքաղաքական խնդիրների»,- ասաց նա:

«Մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը, մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:

Իհարկե, սա հնարավոր է, եթե նույն նպատակը որդեգրեն նաև մյուսները, բայց մենք կարող ենք դա առաջինը անել: Այս է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրաձայնում եմ այդ խնդիրը և արձանագրում այս մոտեցումը: Սա որևէ կերպ չի նշանակում մոռանալ մեր պատմությունը, այլ նշանակում է փորձել փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»,- ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ մենք ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու  հարցում մեծ հաջողություններ չունենք և մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է սովետական պատմագիտության կաղապարում, որը ինչ-որ առումով համահունչ է հայկական անկախության չգոյության և անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին:

«Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, որ մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել: Օրինակ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը: ՀՀ-ն և կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր մոդելի առաջնային օբյեկտ  չի եղել երբեք, և սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաև այսօր: Պատճառը մեկն է, հայրենասիրության այդ մոդելի հեղինակը  մենք ինքներս չենք: Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող: Եվ ուրեմն  այն, ինչ ասացի, իրականում հայրենասիրության մեր սեփական, մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում: Օրակարգում նման հարց կա, որի լուծումը  մենսական անհրաժեշտություն է ազգային անվտանգության հարցում»,- հայտարարեց Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր