211652_close_icon
views-count907 դիտում article-date 23:07 15-04-2023

Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ապրիլի 15-ին Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիստին մասնակցում են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վերոնշյալ խորհրդի փոխնախագահ, «Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք։

Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Տնտեսական քաղաքականության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, սկսում ենք Տնտեսական քաղաքականության խորհրդի մեր երկրորդ նիստը: Առաջին նիստը տեղի է ունեցել նախորդ տարի և կուզենայի ամփոփել, թե այդ նիստից ի վեր մենք ինչ արդյունքներ ենք արձանագրել, ինչ ունենք արձանագրելու, որը մեր թեմայի հետ ուղիղ առնչվում է:

2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ և այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է: Եվս մի քանի կարևոր թվեր կուզենայի նշել: 2022 թվականին 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով և 66,3 տոկոսով, 2018 թվականի համեմատ` 1,8 մլրդ դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, այդ թվում` մեր քաղաքական հանձնառությունների տեսակետից:

2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրել ենք գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը` 704 հազար աշխատատեղ է արձանագրվել և 2022 թվականի արդյունքներով` ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է, իսկ երրորդ եռամսյակում գործազրկությունը նվազեց և հասավ 11,6 տոկոսի: Պետք է արձանագրենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքները նույնպես քաջալերող են, շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ:

Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10 տոկոսից և նաև պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ, ըստ էության, կրկնապատկվել են, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 92 տոկոսի չափով են ավելացել, իհարկե, չհաշված եկամտային հարկի վերադարձի ցուցանիշները: Այդ վերադարձը եթե հաշվի առնենք, ապա առաջին եռամսյակի բյուջետային եկամուտներն, ըստ էության, ավելացել են 97 տոկոսով:

Այս ցուցանիշների հետ մենք իհարկե ունենք զուտ տնտեսական բնույթի մարտահրավերներ, և կարծում եմ, որ կառավարության համար առաջնային խնդիր է` առաջինը, ավելի արդյունավետ հավաքագրել հարկային եկամուտները և նույնքան կարևոր խնդիր է արդյունավետ ծախսեր իրականացնել: Ցավոք, մենք չենք կարող ասել, որ օրինակ` կապիտալ ծախսերի հատվածում հասել ենք մեր ակնկալած արդյունավետությանը, և այս առումով, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մեր քննարկումների արդյունքներով կարողանանք որոշակի եզրակացությունների հանգել:

Չնայած պետք է ասեմ, որ դա կառավարության համար գրեթե ամենշաբաթյա, եթե չասենք ամենօրյա քննարկումների առարկա է: Իհարկե մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաշվի առնելով` պետք է արձանագրենք տնտեսության և տնտեսական զարգացման անկյունաքարային դերը, որովհետև, երբ խոսում ենք տնտեսության մասին, ըստ էության, պետք է արձանագրենք, թե ինչ արդյունք ենք կարողանում գեներացնել:

Հնարավորինս արդյունավետ ծախսման արդյունքում պիտի կարողանանք հասցեագրել այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը: Եվ այսօր մենք նաև օրակարգում ունենք ինստիտուցիոնալ զարգացմանն առնչվող կարևոր թեմաներ, մասնավորապես առողջապահության ապահովագրությանը և համընդհանուր հայտարարագրման համակարգին առնչվող, որոնք հավատում ենք, որ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական և պետական ինստիտուտների կայացման առումով պիտի շատ կարևոր էֆեկտ ունենան: Սրա համար էական է, որ մենք կարողանանք նախանշվող և սկսված բարեփոխումներն իրականացնել մաքսիմալ արդյունավետ»:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային քաղաքականությանը, առկա ներուժի իրացմանը, լրացուցիչ եկամուտներ ապահովող միջոցառումների իրականացմանը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, առկա խնդիրներին և դրանց կարճաժամկետ ու երկարաժամկետ լուծումներին: Քննարկվել են հարկային քաղաքականության շրջանակներում նախատեսվող փոփոխություններին, հարկային բարեփոխումներին և հարկային եկամուտների ավելացման հնարավոր աղբյուրներին վերաբերող թեմաներ:

Հաջորդիվ քննարկման առարկա են դարձել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման պարզ և հարմար համակարգի ներդրումը կապահովի ՀՀ ՊԵԿ համակարգում ինքնահայտարարագրման համար առկա ամբողջ տեղեկատվությունը: Ներկայացվել են համակարգի ներդրման ժամանակացույցը, համակարգին ներկայացվող պահանջները: Անդրադարձ է կատարվել Պետական եկամուտների կոմիտեում ժամանակակից նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին: Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել բնակչության առողջության հիմնական մարտահրավերներին, կառավարության կողմից տարեկան իրականացվող առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների հետ կապված խնդիրներին ու դրանց լուծումներին: Նշվել է, որ համակարգի ներդրմամբ նախատեսվում է բնակչությանը հասանելի առողջապահական ծառայությունների ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և դեմոգրաֆիական խնդիրների լուծման աջակցում, խոցելի խմբերի պաշտպանություն, զբաղվածության խթանում և աշխատանքի արտադրողականության բարձրացում, ներդրումների համար ավելի հարմարավետ և կանխատեսելի միջավայրի ապահովում:

Համակարգի ներդրման պարագայում ակնկալվում է նաև հիվանդությունների ինտեգրված վարման մեխանիզմի ներդրում, լիցենզավորման պայմանների փոփոխում, մեկ միասնական հիմնական ծառայությունների փաթեթի սահմանում, կանխարգելման, ախտորոշման և քրոնիկ հիվանդությունների հսկման ծավալների աճ մի քանի անգամ, արտահիվանդանոցային պայմաններում քրոնիկ հիվանդների դեղորայքի փոխհատուցման համակարգի ներդրում, բուժօգնության որակի բարելավման միջոցառումների իրականացում:

Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն ապրիլի 16-ին:
 

Նմանատիպ նյութեր