211652_close_icon
views-count994 դիտում article-date 21:09 13-04-2023

Գեղամ Ստեփանյանը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահին՝ հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ հասցեական վերաբերմունքի կապակցությամբ

Հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին

Անդրադարձել եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։

Նշել եմ, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։

Դժգոհություն եմ արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնարկվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝  ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։ 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

Նմանատիպ նյութեր