211652_close_icon
views-count2062 դիտում article-date 16:53 11-04-2023

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. 10 անձ ձերբակալվել է. 3-ը ՃՈ տեսուչներ են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, զբաղեցնելով  ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի և տեսուչի պաշտոնները, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի և Ա. Գ.-ի միջնորդությամբ ստացել են տարբեր չափի գումարներ՝ որպես կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 5 քաղաքացի, դիմելով  Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, խնդրել է օժանդակել ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Վերջիններս համաձայնել են և հիշյալ քաղաքացիներից ստացել են տարբեր չափի գումարներ և որպես կաշառք փոխանցել են ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին և Հ. Մ.-ին:

Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներ  Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու ձևականորեն ընդունել են գործնական քննություններ և դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ:  

Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, միջնորդներ Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, ինչպես նաև կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են և բերվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Վերը նշված հանցավոր արարքների համար ՃՈ աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին  և Հ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Ժ. Վ.-ին՝ 3 դրվագ/, միջնորդներ Ս. Գ.-ին 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 5 քաղաքացիներին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր