211652_close_icon
views-count1627 դիտում article-date 21:45 02-04-2023

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը մարդկային կամքը փառաբանելու մասին է. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի 4 եզրափակիչ խաղի ընթացքին, որոնք անցկացվել են Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, 2 փուլով, մասնակցել է 2 տարիքային խումբ՝18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ:

Եզրափակիչ փուլում մրցել են առաջին փուլում 2 տարիքային խմբում 1-3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները: 2 տարիքային խմբում 1-10-րդ տեղը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով և դրամական մրցանակներով: 1-ին տեղի համար դրամական պարգևատրման չափը կազմել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ: 1-ին տեղը գրաված մասնակիցներին այս տարի շնորհվել են նաև խորհրդանշական գավաթներ:

Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ տեղերի հաղթողներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ տարիքով ամենաավագ 2 մասնակիցներ Էմմա Առաքելյանին և Կարեն Բեգլարյանին, որոնք ներկայացնում էին Սյունիքի մարզը: Մյուս մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Պարգևատրումից հետո երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի ներկաներ,
Նախ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր գավաթակիրներին:
Սեղանի թենիսի Վարչապետի գավաթն արդեն երկրորդ տարին է անցկացվում: Մենք այս մրցաշարը նախ իրականացնում ենք սպորտը և ֆիզկուլտուրան զանգվածային դարձնելու համար: Գիտեք, որ ամեն անգամ մենք կոնկրետ թենիսի մրցաշարի համար լրիվ նոր գույք ենք ձեռք բերում, մրցաշարից հետո այդ գույքը փոխանցվում է մարզային մարզադպրոցներին, որպեսզի այս մարզաձևը՝ սեղանի թենիսը զարգանա, առողջ ապրելակերպը զարգանա, մրցակցության ոգին զարգանա, հաղթանակի կամքը զարգանա և այդպիսով նաև՝ միասնության, ամբողջականության ոգին զարգանա:

Երևի նկատեցիք, որ այս տարի մրցաշարի խորհրդանիշների փոփոխություն ենք իրականացրել: Արդեն հատուկ Վարչապետի գավաթի համար արտադրված մեդալներ և խորհրդանիշներ ունենք: Սա նաև ցույց է տալիս այս գաղափարի, նախաձեռնության զարգացումը: Այն, ինչ տեսնում ենք մրցահարթակում, շատ բաների մասին է պատմում և խոսում: Մենք տեսնում ենք հաղթանակի կամքը, ոգին, մենք տեսնում ենք հաջողություն, անհաջողություն: Նաև տեսնելով, մասնակցելով է, որ պիտի կարողանանք ապրել այդ ամեն ինչի հետ, հաղթահարել անհաջողությունները, հուսահատությունը, ձևավորել հաղթանակի կամքը և որոշում ունենալ, որ անպայման պետք է հասնենք մեր նպատակին:

Իսկ մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալն է՝ Հայաստանի Հանրապետություն ունենալն է, որ, ահա, այս կարգի մարզադահլիճները Հայաստանի Հանրապետությունում լինեն սովորական, լինեն մեր բոլոր բնակավայրերում, բոլոր գյուղերում, բոլոր թաղամասերում: Հազարավոր, տասնյակ հազարավոր երեխաներ, մեծահասակներ մտնեն այս սպորտդահլիճներ՝ իրենց կամքն ամրացնելու և դաստիարակելու, մեծահասակներն իրենց կամքով օրինակ ծառայեն երիտասարդությանը: Եվ մենք, ի վերջո, կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Այս տարվա մրցահարթակին մենք, իհարկե, նախորդ տարվա մրցաշարից ծանոթ դեմքեր տեսանք: 3 ձևերում այս տարի արդեն ունենք կրկնակի գավաթակիրներ, բայց մրցահարթակին և պարգևատրման հարթակին նաև նոր դեմքեր տեսանք: Եվ ես ուզում եմ նրանց էլ առանձնահատուկ շնորհավորել՝ մեր կրկնակի մրցանակակիրներին և հույս հայտնել, որ մասնակիցների թվի, ենթակառուցվածքների աճի հետ նաև մրցակցությունը կուժեղանա, և մենք կունենանք նոր չեմպիոններ: Բայց, իհարկե, նրանք, ովքեր հաղթում են, կարևոր է, որ հաղթում են արդար մրցապայքարում և հաղթում են, առաջին հերթին, իրենց կամքի շնորհիվ: Վարչապետի գավաթը մարդկային կյանքը և մարդկային կամքը փառաբանելու մասին է:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Մենք տեսնում ենք, որ ամեն անգամ մեր կազմակերպչական նրբությունների նկատմամբ առանձնահատուկ նախանձախնդրություն ենք ցուցաբերում, և դա առաջին հերթին մեր հարգանքի տուրքն է մասնակիցների, մարզաձևի և հանդիսատեսի նկատմամբ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում բոլորիս»:

* * *
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին այս տարի մասնակցել է 2069 անձ՝ նախորդ տարվա շուրջ 1620 մասնակցի համեմատ: Մասնակիցների թվով առաջին տեղում Երևան քաղաքն է (600), 2-րդ տեղում Գեղարքունիքի մարզը՝ (235), 3-րդում՝ Շիրակի մարզը (205): «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերն անցկացվում են 2022թ.-ից և շարունակական բնույթ են կրում: 2022թ. անցկացվել է 5 մրցաշար՝ սեղանի թենիս, դպրոցականների թիմային խճուղավազք, խճուղային հեծանվավազք, լող Սևանա լճում և խճուղավազք՝ ընդհանուր շուրջ 5300 մասնակցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր