211652_close_icon
views-count50314 դիտում article-date 13:36 26-03-2023

Կասկադյորական ավտովթար Երևանում․ պարեկների տեսադաշտից անհայտացած, առանց համարանիշների Audi-ն հայտնաբերվեց Ավան-Առինջում, որը թռել էր ավտոտնակի տանիքի վրայից․ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 26-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Audi մակնիշի 11 VM 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել ավտոտնակների բետոնե ծածկի վրայով և մոտ 3 մետր բարձրությունից թռել ու բախվել նշված փողոցի 39 տան պատին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում պարզվել է, որ վարորդը դեպքի վայրում չէ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան, որի վրա բացակայել են համարանիշները, նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանն ու Իլյա Սարգսյանը նկատել են, որ  Աճառյան փողոցից անցում է կատարում դեպի ժողովրդին հայտնի Ավանի նարկոլոգիական դիսպանսերի ուղղությամբ։

Պարեկները բարձրախոսով հրանանգել են, որպեսզի վերջինս կանգնի։ Սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի, ինչի հետևանքով էլ պարեկների տեսադաշտից նա կորել է։ Պարեկները սկսել են որոնողական աշխատանքներ ու տաք հետքերով նշված ավտոմեքենան արդեն վթարված վիճակում հայտնաբերել են վթարի վայրում։ 

Կարճ ժամանակ անց պարեկները հայտնաբերում են նաև ավտոմեքենան վարած վարորդին և ճշտում սեփականատիրոջ ինքնությունը։ 

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ, սակայն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Ավտոմեքենայի մեջ էլ պարեկները հայտնաբերում են համարանիշները։ Վարորդը ենթարկվում է խոշոր չափի վարչական պատասխանատվության։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ավան-Առինջի բնակիչ 24-ամյա Արայիկ Բաբալարյանն է։ Իսկ ավտոմեքենայի սեփականատերը Երևանի բնակիչ 30-ամյա Ալեքսեյ Ավակիմյանն է։ 

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր