211652_close_icon
views-count1168 դիտում article-date 20:10 22-03-2023

Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բնակիչների համար․ ԵԽԽՎ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ․

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը մեծապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամով։

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Հայաստանին կապող կյանքի ճանապարհն է:

Հանձնաժողովը լիովին սատարում է խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի և 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց ուղղված միջոցները, որոնց որոշումներում նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունը՝ «Երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը» (Եռակողմ հայտարարություն. հոդված 6):

Հանձնաժողովը նաև վկայակոչում է նույն հարցով Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ՝ այդ թվում․

- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի և Արբեջանի մոնիտորինգի գծով չորս համազեկուցողների 2022թ․ դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Միջանցքի երկայնքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Մենք կոչ ենք անում 2020թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», և

- Եվրոպական խորհրդարանի 2023թ․ հունվարի 19-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ»:

Նմանատիպ նյութեր