211652_close_icon
views-count1789 դիտում article-date 23:27 21-03-2023

«Հերիք է մեզ սևացնեք, միևնույնն է հաղթելու շանսեր չունեք»․ Անիի նախկին համայնքապետը՝ հարուցված քրեական գործի մասին․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Երեկ ՀՀ Պետական վերահսկողության ծառայությունը մամլո հաղորդագրություն տարածեց այն մասին, որ մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել են չարաշահումներ՝ կապված Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքների հետ:

«Հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում: 

Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային», – գրված է մամլո հաղորդագրության մեջ։

ՊՎԾ-ն եկել է այն եզրահանգման, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանը, որն այս պահին ընտրապայքարի մեջ է, մասնակցում է Անիի ՏԻՄ ընտրություններին՝ «Ազգ-համայնք» դաշինքով, պնդում է, որ սա իրեն սևացնելու փորձ է։

«Իրենք բազմիցս փորձում են ներկայացնել, որ Անի համայնքում այս տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրեր չեն կատարվել։ Ակնհայտ սուտ է․ ներկայացնում են, հետո իրենք իրենց հերքում։

Փաստն այն է, որ սուբվենցիոն ծրագրեր կատարվել են, Լուսաղբյուր բնակավայրի ջրագծերը կառուցվել են սուբվենցիոն ծրագրով։ Համապատասխան բոլոր ընթացակարգերը պատշաճ կատարվել են՝ գնումներին համապատասխանող մրցութային փաթեթի նախագծման, փորձաքննության, վերահսկողության, հեղինակային հսկողության, տեխնիկական հսկողության, ավարտական ակտերի։ Ծրագրի ավարտական ընթացքի ընդունմանը մասնակցություն է ունեցել թե՛ մարզպետարանը՝ իր ունեցած լիազոր ներկայացուցչով, թե՛ քաղաքաշինության պետական տեսչությունը։

Ամբողջ փաստաթղթավորումը համապատասխանում է իր բոլոր ընթացակարգերին և նորմերին, այդ գործընթացի մեջ որևէ խնդիր չկա։ Եղել են վթարներ, որոնց պատճառով առաջացել են մտահոգություններ, համապատասխան շինարարի կողմից ապահովվել է ընթացիկ վերանորոգման, վթարների կատարման ընթացքը։ Թե ինչ խնդիրներ են էդտեղ, համայնքապետարանը որևէ իրավասություն չունի։

Անհրաժեշտ համապատասխան ուսումնասիրություններով գուցե փորձեն հետազոտել, հասկանալ՝ ինչ խնդիր կա, բայց այն, որ համայնքապետարանն այստեղ որևէ բացթողում չի արել, դա փաստ է, եթե ունի, դրան մասնակից են մարզպետարանը, նաև քաղաքաշինության տեսչությունը։ Բացի այդ, համայնքապետարանը վարձել է շինարարությունը վերահսկող համապատասխան մասնագիտացված որակի տեխնիկական հսկիչ, հեղինակային հսկողությունն էլ իրականացրել է նախագծողը, որով ևս իրենց կողմից խնդիրներ չեն արձանագրվել», – ասաց Արտակ Գևորգյանը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր