211652_close_icon
views-count1057 դիտում article-date 22:28 16-03-2023

ՀՀ ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ՄԱԿ կանոնադրությունը․ ՀՀ ԱԳՆ

Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների  և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը  կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ կանոնադրությունը, Պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության միջազգային իրավունքի սկզունքների վերաբերյալ  ՄԱԿ ԳԱ հռչակագիրը, Ալմաթայի հռչակագիրը, այլ նաև Պրահայի և Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները, որոնց հղում է արվում հենց այս ելույթում:

Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստվում է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթման արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքները:

Խախտած լինելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ըստ էության բոլոր հոդվածները՝ Ադրբեջանի նախագահը միջանցքների մասին իր իսկ խոստովանությամբ մտացածին խոսույթով խոչընդոտում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացը:

Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ հնչող վիրավորական բառապաշարը, որն ուղեկցվում է տեղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով, ի ցույց է դնում բարձրագույն մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:

Ավելին, Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, այլև արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։

Տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը և գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր