211652_close_icon
views-count2285 դիտում article-date 18:32 14-05-2021

ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների հանցավոր ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր վաղ առավոտից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ Սյունիքի մարզում` կապված Սև լճի ուղղությամբ ադրբեջանական զինվորականների անօրինական, բացարձակ իրավական հիմք չունեցող ներկայության հետ:

Այցն իրականացվել է Գորիս համայնքի ղեկավարի ուղեկցությամբ, այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ քաղաքացիական բնակիչների և զինվորականների հետ:

Սև լճի հարակից տարածքում Մարդու իրավունքների պաշտպանը ծանոթացել է ստեղծված իրավիճակին: Պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք, վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անօրինական առաջխաղացում ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր: Ադրբեջանական զինվորականների այդ արարքը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Առաջին օրը` մայիսի 12-ին նրանք արդեն իսկ զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները և զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար:
 
Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը ևս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է տեղում հերոսական և անձնուրաց ծառայություն իրականացնող սպաների ու զինվորերի հետ, քննարկել նրանց ծառայության հետ կապված հարցեր:
Այցի արդյունքները կամփոփվեն և կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր:
 

Նմանատիպ նյութեր