211652_close_icon
views-count5746 դիտում article-date 09:34 13-03-2023

«Գայի պոստից» Mercedes-ով փախուստի դիմած, սակայն պարեկների կողմից բռնված նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով ձերբակալվել էր, ազատ է արձակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 11-ին, ֆեյսբուքյան օգտատեր Հովսեփ Կուբաթյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որով երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով Պարեկային Ծառայության պարեկների օրինական «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ ավել, ոչ պակաս, հանրությանը հայտնի, իրեն մեծն իրավաբան և օրենքների գիտակ համարող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ երեկ ժամը 21։00-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ ստուգման նպատակով կանգնեցնում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չենթարկվելով պարեկների՝ «կանգառ» օրինական պահանջին, դիմում է փախուստի։

Սկսվում է հետապնդում, որը հասնում է մինչև Երևանի Ծարավ Աղբյուր փողոց, որտեղ վարորդը դարձյալ չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և նորից դիմում է փախուստի։ Բայց ինչպես ժողովուրդն է ասում․ «Կատվի խաղը՝ մկան մահը», Mercedes-ի վարորդը հայտնվում է մկան օրը։

Տեղում երբ պարեկները փորձում են նրան ենթարկել սթափության փորձաքննության, վարորդը, որը լինում է Գ․ Պետրոսյանը հրաժարվում է սթափություն հանձնելուց։

Պարեկները նրան բերման են ենթարկում և տեղափոխում Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ այնուհետև տեղափոխում են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժին։

Դեպքի փաստով  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Պետրոսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ծարավ աղբյուր փողոցի 55/5 հասցեի մոտ նա նաև սպառնացել է պարեկներին, ասելով՝ «կխփե՛մ՝ ուշքդ կգնա, արա՛»։ Գ․ Պետրոսյանն աշխատում է Երևանի պետկան համալսարանաի «ՔԴ» ամբիոնում որպես դոցենտ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր