211652_close_icon
views-count979 դիտում article-date 13:28 09-03-2023

Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հետ բանակցությունների վիժեցումը և ռազմական սադրանքի ֆոն ստեղծելն է. Փաշինյան

Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումը եւ նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է:  ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել  հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամությունն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ եւ սա  չափազանց կարեւոր հայտարարություն է:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան, ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա եւ սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ:

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում: Այս թեման Ադրբեջանի համար կարեւոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի  որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր կիրառելու Ադրբեջանի մ պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները կանապատումների մասին փլուզվեցին:  Սա չափազանց կարեւոր էր:

Եվ ահա  Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում նեևրկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք, զինամթերք  տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով: Նախ, ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել, երկրորդ, Ադրբեջանի հարձակումը եւ նաեւ ՈՒԱԶ-ի հետագիծը Ստեփանակերտից մինչեւ դեպքի վայր, նկարահանվել էր ԼՂ ՆԳ նախարարության տեսախիցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որեւէ այլ բան չի եղել»:

Ադրբեջանի հաջորդ կարեւոր նպատակը, ըստ Փաշինյանի, հետեւյալն էր. արյունոտ ահաբեկչությամբ ձեւավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարեւորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում միջազգային դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ:

«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ  դատարանն Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Եվ ահա այս որոշումը 15 օր շարունակ չի կատարվում, եւ սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է:  Դեռ հակառակը, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար:

Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ եւ Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը եւ ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ եւ ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ վերահաստատեց Հայաստանի տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը եւ հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Նմանատիպ նյութեր