211652_close_icon
views-count907 դիտում article-date 19:12 01-03-2023

Մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել. կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում. Փաշինյան

Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, եւ մենք որեւէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բացահայտումները կշարունակվեն այնքան, ինչքան դրանք տեղի ունենան: Ինչ վերաբերում է ընդդիմության հրապարակած փաստերին, այդ բոլոր փաստերով էլ հետաքրքրվում են մեր իրավապահ մարմինները եւ պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիայի որեւէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չստանա:

Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման ՏԻՄ-երի, դատական համակարգերի հետ: Այստեղ իմ դիրքորոշումը շատ հստակ է, որ հանրային ոլորտում եւ դատական համակարգում աշխատավարձերի էական բարձրացում պետք է տեղի ունենա: Չի լինում, որ մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություն մատուցեն, եւ ասենք, որ նախարարություններում պետք է լինի 90-110 հազար դրամով աշխատող  մասնագետ: Մյուս կողմից էլ մենք ակնկալենք, որ գործերը արագ ու որակով ընթանան»,-ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, որ կոռուպցիայի դեմ ամենաուժեղ հակաթույնը հայրենասիրությունն է, Փաշինյանն արձագանքեց, որ նույն հաջողությամբ թմրամիջոցների դեմ պայքարում էլ ամենաարդյունավետ միջոցը հայրենասիրությունն է. «Ընդհանրապես, մեր իրականության մեջ մենք հայրենասիրություն բառը շատ ենք մաշացրել: Ով ինչ անում է, հայրենասիրություն է որակում: Ոչ մեկը չի ասում՝ գիտե՞ք, ես հայրենասեր չեմ: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում: Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր  նրանով, որ բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք-զինամթերք եւ այլն: Հետո տեսանք՝ ինչ է լինում: Ես կառաջարկեի ոչ թե հայրենսիրության վրա հույս չդնել, այլ եկեք հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձեւ է ներդրված մեր գիտակցության մեջ: Հայրենասիրության այն բանաձեւերը, որ մեր գիտակցության մեջ ներդրված են, ընդհակառակը, հակառակի մասին են, որովհետեւ ինձ համար հայրենիք եւ պետություն հասկացությունների նույնականացումը շատ կարեւոր է: Որովհետեւ ոմանք հանուն հայրենիքի եւ ընդդեմ պետության են, կարող է պարզվի, որ սա մեր մտածողության մեջ անկյունաքարային նշանակություն ունի:

Ինձ համար ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունենք, քրեական մտածողությունն է, մենք չենք էլ նկատում, մեզ թվում է, որ դա միայն համապատասխան շրջանակների մոտ է; Ոչ, դա համատարած երեւույթ է, որը բարեբախտաբար երիտասարդության շրջանում նվազում է: Բայց քրեական մտածողությունից ավելի պարարտ հող կոռուպցիայի ու հանցավորության համար ուղղակի չկա: Մեր ռազմավարական թիրախը քրեական մտածելակերպը պետք է լինի, մենք դրանից պետք է անցում կատարենք դեպի օրենքի նկատմամբ  եւ օրենքի վրա հիմնված հարաբերություններ: Դա է ճիշտ տարբերակը»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր