211652_close_icon
views-count40338 դիտում article-date 13:57 27-02-2023

Կրակոց և դանակահարություն Երևանի կենտրոնում․ «Մոսքոու» ակումբում հնչել է կրակոց․ մենեջերը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 26-ին կրակոց և դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 23։25-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մամիկոնյանի գլխավորությամբ։ 

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Արմենակ Հ․-ն է։ 

Ոսստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող «Մոսքոու» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել Արմենակ Հ․-ի և Երևանի բնակիչ 20-ամյա Հակոբ Ա․-ի միջև, որի ժամանակ վերջինս, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի ներսում իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել և իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Արմենակ Հ․-ի կրծքավանդակին։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները կարճ ժամանակ անց, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում Հակոբ Ա․-ն, ապա բացատրական աշխատանքների շնորհիվ Հակոբ Ա․-ն ինքնակամ ներկայանում է Ոստիկանության Կենտրոնական բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը և ծալովի դանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը լիցքավորված է եղել 7 փամփուշտով։ Իսկ դանակահարված Արմենակ Հ․-ն աշխատում է «Մոսքոու» ակումբում որպես մենեջեր։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Հակոբ Ա․-ն Ոստիկանությունից ներկայացնել է քննչական բաժին։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր