211652_close_icon
views-count1009 դիտում article-date 13:40 21-02-2023

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար պատասխանատվություն սահմանելու մասին օրինագծին

Հայաստանի կառավարությունն առաջարկում է պատասխանատվություն սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը։

Այսպես, քրեորեն պատժելի են համարվելու բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լրիվ կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունները, ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերը։ «Գործող օրենսդրությամբ նման արարքների համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Փոփոխության ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լրիվ կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունների համար նախատեսվում է ազատազրկում 10-15 տարի ժամկետով»,- ասաց փոխնախարարը։ 

Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար նախատեսված են տարբեր տեսակի պատիժներ՝ տուգանք կամ կարճ կալանք երկու ամիս ժամկետով, մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։ «Իսկ նման կոչերի համար հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման դեպքում խախտողներին սպառնում է 2-5 տարվա ազատազրկում»,-հստակեցրեց Բալյանը:

Երկար ու բուռն քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ ԱԺ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր