211652_close_icon
views-count730 դիտում article-date 09:45 14-02-2023

Ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացող ներգաղթած հայերի թիվը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը զգալի ավելացել է: Եթե 2021 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է Ռուսաստանի 766 քաղաքացի, ապա 2022 թվականին նրանց թիվը կազմել է 8562: Տեղեկացնենք, որ այս թիվը մեծացել է նախորդ տարվա փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, երբ մեծ թվով ռուսներ եկան Հայաստան:

Ավելին՝ ավելացել է նաեւ ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ-ից եւ Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է նաեւ Ուկրաինայի 385 քաղաքացի։ Այս թիվը եւս, 2021 թվականի հետ համեմատ, ավելացել է: Տեղեկացնենք, որ երբ մարդը տեւական ժամանակ բնակվում է Հայաստանում եւ ցանկանում է բիզնես գործունեությամբ զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ:

Բացի այդ, ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատել նաեւ առանց կացության կարգավիճակի, որի համար պետք է ունենալ Հայաստանում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր, որով ՌԴ քաղաքացին կարող է հաշվառվել ժամանակավոր բնակության հասցեով ու ստանալ հանրային ծառայությունների համարանիշ` հարկային պարտավորությունները կատարելու ու աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։

«ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում հաշվառվել է Ռուսաստանի 3326, Ուկրաինայի՝ 146 քաղաքացի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր