211652_close_icon
views-count1075 դիտում article-date 20:01 10-02-2023

Մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրերն ակտիվ փուլում են

Հանրապետությունում իրականացվում են 10-ից ավելի մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրեր ինչպես պետական բյուջետային հատկացումներով, այնպես էլ վարկային միջոցների հաշվին: Բյուջետային հատկացումների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն ներկայում համակարգում է առողջապահական 10 հաստատությունների շինարարական ծրագրեր՝ 9 շինարարական, 1 նախագծային՝ ընդհանուր 11 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ ծրագրերը բխում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 50 առողջապահական հաստատություն մինչև 2026թ. կառուցելու-վերակառուցելու թիրախային ցուցանիշից:

2023 թվականին կոմիտեն նախատեսում է ավարտել 2 ծրագիր՝ Թալինի բժշական կենտրոնի վերակառուցման և Չարենցավանի բժշկական կենտրոնի 1 մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները: «2021-2022թթ. բյուջետային հատկացումները կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կատարվել է, իսկ 2023թ. բյուջետային հատկացումները կազմում են մոտ 4.7 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են»,-տեղեկացրել է Արսեն Միրզոյանը:

Նախատեսված է նաև Ծաղկահովիտի առողջության կենտրոնի կառուցում, Մասիսի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցում, Տաշիրի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Վաղարշապատի հիվանդանոցի վերակառուցում, Եղվարդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցում, Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցում, Արթիկի նոր բժշկական կենտրոնի կառուցում:

«Մի քանի հիմնական թիրախային ցուցիչներ ունենք, որոնց պետք է հասնենք: Մասնավորապես՝ սեյսմիկ տեսակետից անվտանգ, էներգախնայող շենք-շինություն ունենալն է և ժամանակակից բժշկական ծառայությունների մատուցմանը հարմարեցվածությունը:

Հիվանդանոցների կառուցման մասով Հայաստանը արդեն իսկ մեծ փորձ ունի. համագործակցել ենք բազմաթիվ միջազգային փորձագետների հետ, ուսումնասիրել ենք միջազգային հիվանդանոցաշինության փորձը տեղայնացրել մեզ մոտ և կիրառել»,-նշել է Արսեն Միրզոյանը:

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը տեղեկացրել է, որ վարկային ծրագրերով կառուցվում են և այս տարի նախատեսվում է ավարտել Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի, Եղեգնաձորի հիվանդանոցի շինարարական աշխատանքները: «Թե՛ պետական բյուջեի հատկացումներով, թե՛ վարկային միջոցներով կառուցվող ու վերակառուցվող բժշկական հաստատությունները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ նոր գույքով ու սարքավորումներով: 2021-2026 թվականների ընթացքում նախատեսված բժշկական հաստատությունների շինարարական ծրագրերով շուրջ 50 մլրդ դրամի կապիտալ ներդրում է լինելու»,-նշել է Երվանդ Էլիբեկյանը: Նա վստահություն է հայտնել, որ մարզերում բժշկական հաստատությունների պայմանների բարելավմամբ պայմանավորված բուժառուների հոսքը դեպի Երևան կկրճատվի: 

Առաջիկայում նախապատրաստվում են նաև 32 բժշկական հաստատությունների նախագծման նպատակով գնման գործընթացները: Դրանք 2 բժշկական կենտրոնների վերակառուցման նախագծեր են, 9 պոլիկլինիկակական մասնաշենք, 1 առողջության կենտրոն, ևս 20 ամբուլատոր նոր շենքերի նախագծում: Արսեն Միրզոյանն ընդգծել է, որ ծրագրերի բարեհաջող ավարտի դեպքում մարզերի կտրվածքով բժշկական հաստատություններ ունենալու ՀՀ կարիքը գրեթե ամբողջությամբ կիրացվի:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 

Նմանատիպ նյութեր