211652_close_icon
views-count700 դիտում article-date 22:51 10-02-2023

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական առաքելության նպատակների, ակնկալիքների մասին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Պատգամավորները շնորհակալություն են հայտնել Եվրոպական միությանը` ի դեմս տիկին դեսպանի, Հայաստան Եվրոպական միության առաքելություն գործուղելու, Եվրոպական խորհրդարանում վերջերս ընդունված զեկույցների եւ Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար: Անդրեա Վիկտորինը հանգամանորեն ներկայացրել է քաղաքացիական առաքելության նպատակները, ակնկալիքները նրանից եւ այլ մանրամասներ: Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ գոտիների բնակիչների առողջական, ֆիզիկական անվտանգության եւ այլ հարցեր:

Կողմերը քննարկել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Շեշտվել է Սյունիքի եւ մյուս մարզերի բնակիչների համար իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել առողջապահական եւ կրթական ոլորտներին, ինչպես նաեւ խոցելի խմբերի ուղղությամբ տարվող աշխատանքներին` թե’ գործադիր, թե’ օրենսդիր մարմիններում:

Ազգային ժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ վիզաների ազատականացման գործընթացով, բարձրաձայնել Հայաստանում Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար առաջ եկած խոչընդոտների մասին:

Օրակարգում են եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, մի շարք ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր