211652_close_icon
views-count118358 դիտում article-date 20:36 09-02-2023

Ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը. Կենտրոնում իրենց զոհին հրազենային վնասվածքներ պատճառելուց առաջ, մինչև դարանակալելը, ավտոմեքենաները կայանել էին «Երևան սիթի» ավտոկայանատեղիում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ, փետրվարի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Ա-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 17-ին Երևանի բնակիչ Արեգ Կարինյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, ինչի համար էլ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155 հոդվածի 1-ին և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողություններ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ։

Ըստ այդ ճշտումների՝ հրազենային վնասվածքներ ստացած Ա. Կարինյանը հունվարի 17-ից օրեր առաջ Երևանում՝ Կիևյան փողոցում իր ընկերների հետ ծեծի են ենթարկել Արթուր Ա-ին։ Դրանից հետո Արթուր Ա-ն իրեն մտերիմ շրջապատում մի քանի ընկերների ներկայությամբ երդվել է, որ հաշվեհարդար է տեսնելու ու այդ նպատակով հունվարի 17-ին իր ընկերներ՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Արման Մ-ի, 30-ամյա Արմեն Ք-ի հետ միասին Chevrolet մակնիշի ավտոմեքենայով հանդիպում են Երևանի Արաբկիր վարչական շրջանում և այդ ավտոմեքենայով ուղևորվում են Մաշտոցի 23 շենքի բակ, այդ բակում թողնում են ավտոմեքենան ու ոտքով գալիս դեպի Թումանյան 27 շենքի բակ, դարանակալում ու սպասում այնքան ժամանակ, մինչև որ իրենց տեսադաշտում է երևում Արեգ Գ-ն՝ իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ 

Վերջինս, որևէ կասկած չունենալով, իջնում է ավտոմեքենայից և մտնում շքամուտք, և հենց այդտեղ էլ դարանակալած Արթուր Ա-ն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակում Արեգ Կ-ի ուղղությամբ և դիմում փախուստի։ 

Որոշ ժամանակ անց կրակոցներ արձակողն իր ընկերների հետ, պայմանավորվածության համաձայն, հանդիպում են Արաբկիր վարչական շրջանում գործող «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում։ Նրանց հետ հանդիպման է գալիս նաև Երևանի բնակիչ՝ 26-ամա Աշոտ Ղ-ն, ով լինում է Lexus մակնիշի ավտոմեքենայով, այնուհետև նրանք հանդիպում են Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գնել Մ-ին, ով լինում է Toyota մակնիշի ավտոմեքենայով, ապա նշված ավտոմեքենաներով խումբն Արաբկիր վարչական շրջանից իջնում է Կենտրոն վարչական շրջան՝ Պարոնյան փողոց, որտեղից էլ բաժանվում են իրարից։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տաածք, իսկ Արթուր Ա-ին ոստիկանները հայտնաբերել են Երևանի Սևաստոպոլյան փողոցում։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 17-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ 

Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ պարզել էին վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արեգ Կարինյանն էր։ 

Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, պարեկային ծառայության Երևանի  գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել էր դեռևս չճշտված ատրճանակից կրակված 2 պարկուճ, 3 գնդակ, ինչպես նաև բակում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էր կրակոցի հետք։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 217+
217+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր