211652_close_icon
views-count1203 դիտում article-date 10:59 07-02-2023

Ինչ դասեր կարող ենք քաղել «Ազատության» տեսանյութից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ազատություն» ռադիոկայանը փայլուն, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով նյութ է պատրաստել այն մասին, թե ինչպիսին էր ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքը մինչեւ 1998 թվականի փետրվարի 4-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Տեսագրությունն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից մեկը հետեւյալն է. խնդիրը, գոնե տեսականորեն, կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիրքորոշումները սկզբունքային հարցերում համընկնեն: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի գաղտնազերծված զեկույցները վկայում են, որ հիմնական խաղացողները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը իսկապես վճռական էին՝ կայուն խաղաղություն հաստատելու իրենց միասնական առաջարկներն առաջ տանելու հարցում եւ այդ առումով նույնքան վճռական ճնշում էին գործադրում Հայաստանի եւ Արցախի ղեկավարների վրա:

Հիմա այդ երեք խաղացողների միասնականությունը բացակայում է: Ըստ էության, գոյություն չունի նաեւ Մինսկի խումբը: Ընդհակառակը՝ կա փոխադարձ դժգոհություն բոլոր հարցերում, այդ թվում՝ Արցախի խնդրում միջնորդական ջանքերի վերաբերյալ: Այս պայմաններում, երբ կողմերից յուրաքանչյուրը «վերմակն իր վրա է քաշում», եւ Հայաստանում էլ քաղաքական ուժերը, կախված իրենց «կողմնորոշումային ճաշակից», ասում են՝ «ահա այս նախաձեռնությունը մեզ համար փրկություն է, իսկ այն մեկը՝ կործանում», որեւէ առաջընթաց ակնկալելը դժվար է:

Այս առումով, իհարկե, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ճիշտ են, երբ (ինձ թվում է, չափից դուրս հաճախ) կրկնում են՝ «այ, եթե այն ժամանակ փաթեթային կամ փուլային լուծումն ընդունվեր, եւ մութ ուժերը հեղաշրջում չանեին, ապա հիմա ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ»: Նման պայմանական եղանակը մի քիչ հիշեցնում է այն իրավիճակը, երբ 60 տարեկան մարդն ասում է. «Եթե ես 20 տարեկանում չծխեի եւ սպորտով զբաղվեի, ապա հիմա շատ ավելի առողջ կլինեի»: Դա անվիճելի է, բայց նոր գիտելիք, կարծես թե, չի ավելացնում:

Գիտելիքն ավելանում է այն պարագայում, երբ մենք փորձում ենք գտնել «բանալիներ», որոնք կարող են ինչ-որ «դուռ բացել` նաեւ այսօրվա ու վաղվա խնդիրների համար: Եվ «Ազատության» նյութի դեպքում «բանալիներից» մեկը տեսագրության սկզբում է եւ վերջում՝ նախագահի հրաժարականը: Եթե առաջին դեմքը տեսնում է, որ չի կարողանում կամ չի ցանկանում իրականացնել այն, ինչ իրենից պահանջում է «միջազգային հանրությունը, ապա նա հրաժարական է տալիս: Եթե 31 տարում այդպիսի մի քանի հրաժարական լիներ, մենք շատ ավելի ուժեղ կլինեինք: Նույն մոտեցումը, կարծում եմ, այսօր եւ վաղը պետք է որդեգրեն Հայաստանի եւ Արցախի ղեկավարները՝ ներկայացնել «կարմիր գծերը» եւ ամբողջ աշխարհին հասկացնել՝ ավելին, միեւնույն է, չի ստացվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր