211652_close_icon
views-count3429 դիտում article-date 10:47 23-04-2019

ՀՀԿ-ն առայժմ դասեր չի քաղել․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հրաժարական տվեց Հայաստանի երրորդ նախագահ, այն պահին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Երևանի փողոցներում ցնծություն էր՝ անծանոթ մարդիկ իրար գրկախառնվում էին, բոլորն իրար շնորհավորում էին, շատերի մոտ անսպասելի երջանկությունից արցունքներ էին երևում: Սա իրողություն է, որը մենք տեսել ենք մեր սեփական աչքերով, և այդ իրողությունը պետք է սառնասրտորեն ընդունեն ու վերլուծեն թե՛ նրանք, ովքեր գնացին, թե՛ նրանք, ովքեր եկան: Այսօր խոսենք գնացածների մասին: Դատելով ՀՀԿ-ականների հրապարակային ելույթներից՝ նրանք առ այսօր չեն հասկանում, չեն էլ փորձում հասկանալ, թե ինչու էին նրանց մերժում և ինչու են մինչ այս պահը շարունակում ատել: Նրանց թվում է, թե մի տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը պարզապես քարոզչության և քաղաքական «գունավոր» տեխնոլոգիաների հմուտ կիրառման արդյունք էր: Չմերժելով այդ գործոնը՝ նշենք, որ այն երկրորդական դեր է խաղում: Առաջնայինն, իհարկե, հանրային էմոցիաներն էին, որոնք կուտակվել էին վերջին 20 տարիների ընթացքում: Հանրապետականներից ոչ մեկի շուրթերից ես առայժմ չլսեցի, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ երկու ժամկետ նախագահ լինելուց հետո մնալ երկրի ղեկավար, արդեն վարչապետի կարգավիճակով (մանավանդ, «չհավակնելու» մասին խոստումը դրժելով), կոպիտ, ճակատագրական սխալ էր: Ավելին՝ վստահ եմ, որ ՀՀԿ-ական պալատականներից ոչ մեկը չհամարձակվեց նախագահին ասել, որ դա սխալ քայլ է. հակառակը՝ նրանք, համոզված եմ, խոսում էին «շեֆ ջան, ամեն ինչ լավ կլինի» քծնողական ինտոնացիայով: Նախորդ իշխանությունը չկարողացավ ճիշտ հետևություն անել ապրիլյան պատերազմից և ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումից: Դրա համար պետք էր, օրինակ, պատասխանել մի հասարակ հարցի՝ ինչո՞ւ էր ՀՀ քաղաքացիների մեծ մասը ողջունում այդ վտանգավոր հանցագործությունը և անգամ մարդասպանությունը: Նույնիսկ «ողջունելու» այդ իրողությունն արձանագրելու վճռականություն իշխանությունը չուներ և կարծում էր, որ քարոզչությունը ճիշտ կազմակերպելով և լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն սահմանելով հնարավոր է հանրային վերաբերմունքը փոխել (համացանցի ազատության պայմաններում դրանք անիմաստ ջանքեր են): ՀՀԿ-ականները հիմա էլ են մտածում. «Մենք օրուգիշեր տանջվում էինք ժողովրդի համար, իսկ այս հեղափոխականները, պոպուլիստներն եկան ու ժողովրդին խաբեցին»: Իհարկե, մեկ տարի առաջվա իրադարձությունները դաս պիտի լինեն նաև այսօրվա իշխանության համար: Տեղի սղության պատճառով միայն արձանագրեմ՝ հորթային հրճվանքը և կույր երկրպագությունը նույնպիսի ծուղակ են, ինչպիսին է պալատականների քծնանքը: Բայց դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր