211652_close_icon
views-count772 դիտում article-date 21:45 01-02-2023

Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար պետական աջակցության ծրագրում հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «լավ » N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում:

ՊՎԾ-ից հայտնում են, որ Ծրագրով սահմանված կարգով՝ 2019-2022թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցել է 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների այգեհիմնման, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման ծախսերը՝ 50 տոկոսի չափով:

Վերահսկողական գործառույթների իրացմամբ արձանագրվել են  մի շարք դեպքերով խախտումներ։ Մասնավորապես․

Ծրագրի շահառուների կողմից առավելագույն փոխհատուցման գումար ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացվել գյուղաբնակ քաղաքացիների հետ կնքված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, աշխատանքների հանձնման-ընդունման, վճարումների տրամադրման ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:
Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են քաղաքացիների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք ձևակերպված չեն եղել ՀՀ հարկային մարմիններում, ինչի արդյունքում չեն հաշվարկվել և ՀՀ բյուջե չեն փոխանցվել հարկեր:
Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են նաև առերևույթ ծախսերը հիմնավորող ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք տրվել են նմանատիպ գործունեություն չվարող կամ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կապված տնտեսվարողների կողմից:
Նշված բոլոր դեպքերով պատասխանատու աշխատակիցների կողմից չի վարվել պատշաճ հսկողություն և մոնիթորինգ, արդյունքում տվյալ շահառուների ծրագրերը դիտարկվել են ծրագրին համապատասխանող, և փոխհատուցվել ամբողջական ծախսերի 50% չափով: Ծառայության կողմից իրականացված հաշվարկի արդյունքում՝ արձանագրված խախտումների չափը կազմել է  մոտ 132,4 մլն  ՀՀ դրամ: Վերահսկողության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Միաժամանակ, 3 դեպքով Ծառայության  կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղարկվել են միջնորդություններ մի շարք քաղաքացիների նկատմամբ չգրանցված աշխատուժի շահագործման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը պարզելու նպատակով, որոնց վերաբերյալ նյութերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Նմանատիպ նյութեր