211652_close_icon
views-count672 դիտում article-date 21:14 27-01-2023

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը

ԱՄՆ-ը չի բացառում «Ուկրաինային սպառազինությունների որևէ կոնկրետ համակարգերի մատակարարումները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC հեռուստաալիքի այն հարցին՝ արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը: Գրում է Deutsche Welle-ն։

Ֆայներն ընդգծել է, որ Ուկրաինային օգնությունը կցուցաբերվի՝ այդ երկրի պահանջներին համապատասխան։ «Մենք շատ հանգամանորեն դա կքննարկենք», - հավելել է Բայդենի խորհրդականը՝ մեկնաբանելով Կիևին մարտական ինքնաթիռներ փոխանցելու ուկրաինական կողմի կոչերը։

Ուկրաինա ամերիկյան կործանիչներ ուղարկելը հնարավոր են համարել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: «Մենք, անշուշտ, ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման վերաբերյալ հարցին։

Միևնույն ժամանակ Սինգհն ընդգծել Է, որ F-16-ը սպառազինությունների բարդ համակարգ Է, որը պահանջում Է երկարատև ուսուցում: «Մենք տալիս ենք ՀՕՊ համակարգեր, ուկրաինացիներին սովորեցնում ենք Patriot (խմբ.՝ զենիթահրթիռային համալիրների) հետ աշխատել։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչ անհավանական ձևով են օգտագործել մի շարք օդային հնարավորություններ, որոնք տրամադրում ենք ոչ միայն մենք, այլև ուրիշ երկրներ։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես չեմ պատրաստվում առաջ ընկնել օգնության որևէ փաթեթից, որի մասին դեռ չի հայտարարվել, կամ նախագահի ու պաշտպանության նախարարի որոշումներից»,- հավելել Է Սաբրինա Սինգհը:

Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար, Գերմանիայում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել էր, որ տանկերից բացի՝ Կիևին անհրաժեշտ կլինեն կործանիչներ, ռազմանավեր և սուզանավեր՝ ռուսական ուժերին հետ մղելու համար։ 

Նմանատիպ նյութեր