211652_close_icon
views-count877 դիտում article-date 15:15 27-01-2023

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ են կատարվել. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան:

Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան: Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված:

Վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով, համաձայն կարգի, ուսուցչի վերապատրաստումները կիրականացվեն առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, ապա տվյալ կարիքին համապատասխան վերապատրաստմանը տրվում է առաջնահերթություն:

Վերապատրաստման իրականացումը

Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ.

ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում.

մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստատության առարկայական մեթոդական միավորման և  մանկավարժական խորհրդի կողմից.

ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման, տեսչական ստուգման արդյունքներով):

Համաձայն կարգի՝ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև է. այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2023 թ. սեպտեմբերի 1-ից:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության, լրացման արդյունքում:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան:

Այսպիսով՝ նոր փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Նմանատիպ նյութեր