211652_close_icon
views-count1092 դիտում article-date 10:49 21-01-2023

Որոշակի հատուկ ծրագիրը քողարկվում է «հականախկինական» քարոզչությամբ և երբեմն՝ «իրենց գժի տեղ դնելու» խաղերով․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սոցցանցերում եւ ֆիզիկական շփման ժամանակ մարդիկ, Հայաստանի այսօրվա վիճակը նկարագրելիս, հաճախ են օգտագործում «բարդակ» բառը: Նկատի ունեն, որ անպատասխանատու, ոչ կոմպետենտ, միայն պոպուլիստական նպատակներ հետապնդող իշխանությունը չի հասկանում, թե ինչ է անում, աղետալի սխալներ է թույլ տալիս, որոնք անընդհատ կրկնվում են եւ, կուտակվելով, «վերջնագծի» են հասցրել հայկական պետականությունը:

Ես էլ էի այդպես կարծում: Ամեն կերպ խուսափում էի հավատալ հակառակին: Բայց 4,5 տարվա իրադարձությունների հստակ հաջորդականությունը թույլ է տալիս ենթադրելու, որ դրանք հախուռն, գժական քայլեր չեն՝ դա որոշակի հատուկ ծրագիր է, որը քողարկվում է «հականախկինական» քարոզչությամբ եւ երբեմն՝ «իրենց գժի տեղ դնելու» խաղերով:

Եկեք դիտարկենք այդ քայլերից մի քանիսը:

1/ 2018-20 թվականներին իրավիճակը հետեւողականորեն տարվում էր դեպի պատերազմական հանգուցալուծում՝ առավելապաշտական կարգախոսներով, բանակցություններից, ըստ էության հրաժարվելով, փոխզիջումները մերժելով: Զուգահեռաբար վարկաբեկվում էր բանակը եւ դրա հրամանատարները: 

2/ Պարտություն պատերազմում, որտեղ բանակը, ի հեճուկս նրան հասցրած հարվածների, դիմադրելու մեծ ներուժ ուներ:

3/ Արցախի մեծ մասի հանձնում Ադրբեջանին, փոքր մասի հանձնում Ռուսաստանին, իսկ այնուհետեւ այդ փոքր մասի «վերահանձնման» փորձ Ադրբեջանին՝ «գնացեք, պայմանավորվեք ադրբեջանցիների հետ», «շատ լավ ապրելու եք նրանց տիրապետության տակ»՝ արցախցիներին ուղղված կոչերով:

4/ Անընդհատ քո թուլությունը եւ կռվելու անընդունակ լինելն ընդգծելը, որն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի սահմանների վրա նոր մարտական գործողությունների: Արդյոք կարելի՞ է այդ բոլոր քայլերն անել պատահականորեն, անզգուշությամբ կամ չիմացությամբ:

Եթե դա դավադրություն է, ապա, անշուշտ, թուրքերն ու ռուսները դրան մասնակցում են, եւ Պուտինը, հաշվի առնելով իր երկրի հարաճուն թուլացումը, համաձայնել է թուրքական հայտնի գաղափարին, ըստ որի, հայկական պետություն Հարավային Կովկասում չպիտի լինի: Բայց այդ ծրագիրն իրականացնողը, միեւնույն է, Հայաստանի իշխանությունն է՝ առանց դրա չէր ստացվելու: Իսկ պատմական պատասխանատվությունը լինելու է բոլորինս, մասնավորապես, իմ ամբողջ սերնդինը:

…Բայց վերջում ուզում եմ կրկնել այսօրվա իշխանությունների «մանթրան»՝ «մեղավոր են նախկինները»: Մեղավոր է, նախեւառաջ, ԱԱԾ-ն, որի գեներալները զբաղված էին միայն սեփական բիզնեսով եւ Սերժ Սարգսյանին սպասարկելով ու չէին նկատում, թե ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր