211652_close_icon
views-count1540 դիտում article-date 12:19 19-01-2023

Կոմպրոմիս պետք է չլինի. գնացեք ու փակեք. այս շարքը պետք է կանգնեցնել. Փաշինյան

Երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում ԶՈՒ տարբեր մարտական դիրքերով ու ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը ՊՆ նախարարին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ մեր ավանդական մոտեցումը, որ այնուամենայնիվ, բանակում առկա խնդիրներին մի փոքր այլ կերպ պետք է վարվել, պետք է ուղղակի դադարեցնել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի Ազատ գյուղում գտնվող զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին:

«Ես այն ժամանակ հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չեն լինելու: Նույնիսկ վիզուալ եթե պատշաճ իրավիճակում չէ ծառայությունը, կարգապահությունը, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն:

Այս առումով ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու  միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ նախագահին: Նա արդեն ստորագրել է որոշումը: Բայց նաեւ հանձնարարել եմ ՊՆ նախարարին, որ պետք է շատ կոնկրետ անհտական հետեւանքներ լինեն»,-ասաց նա:

Իր հերթին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ պաշտոններից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, թիկունքի եւ ԿՇԾ գծով տեղակալը, կորպուսի հրմանատարի տեղակալը մարտական հերթապահության գծով, այնուհետեւ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, զորամասի ինժեներական ծառայության պետը, զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը, եւ ԶՈՒ թիկունքի վարչության  հրդեհային անվտանգության ծառայության  պետը:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Այս դեպքում խոսքը պաշտոնեական պատասխանատվության մասին է, արդեն թե քերական եւ այլ կարգի պատասխանատվության օբյեկտները ովքեր են, դա արդեն քրեական վարույթի ընթացքում պետք է պարզվի:

Պարզ է, որ այդ կացարանը որպես զինվորական մաս ծառայել է դեռեւս 2020 թվականից, պարզ է, որ այնտեղ սովորական պայմաններ չեն, բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի: Ցանկացած կացարան, որտեղ մարդ է ծառայում, պետք է հակահրդեհային կանոնները պահպանվեն:

Կոմպրոմիս պետք է չլինի: Որտեղ չի համապատասխանում հակահրդեհային կանոններին, գնացեք ու փակեք, ֆիզիկապես փակեք: Թող ներդրողը կամ պատշաճ ներդրումներ անի հակահրդեհային կանոնները պահի, եթե ոչ այդտեղ առեւտուր անողները թող գնան այլ տեղում առեւտուր անեն: Հակառակ դեպքում սենց արձանագրելով  գնացեք առաջ: Էսօրվանից հստակ գնացեք, փակեք: Այս շարքը պետք է կանգնեցնել»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։

Տեղում են նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Տեղում են նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Իրավապահները պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Նմանատիպ նյութեր