211652_close_icon
views-count566 դիտում article-date 15:21 16-01-2023

Ուկրաինան առաջիկայում ծանր սպառազինության հերթական խմբաքանակը կստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ առաջիկայում Ուկրաինան կստանա ծանր սպառազինության հերթական խմբաքանակը։

Handelsblatt թերթին տված հարցազրույցում Ստոլտենբերգը հայտարարել է գերմանական կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու մասին, որպեսզի Բեռլինը Leopard 2 տանկեր ուղարկի Ուկրաինա: Այս մասին տեղեկացնում Է Интерфакс գործակալությունը։

«Կարևոր է, որ մենք Ուկրաինային տրամադրենք այն զենքը, որը նրան անհրաժեշտ է հաղթելու համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։ Նա հավելել է, որ ապագայում ակնկալում է ավելի մեծ ռազմական աջակցություն Ուկրաինային: Ստոլտենբերգը նաև ասել է, որ չի կարծում, թե միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ մեծ Է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ հունվարի 20-ին Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային աջակցության շփման խմբի հանդիպման արդյունքներով կհայտարարվի Կիևին նոր սպառազինություններ տրամադրելու մասին։

«Ես ակնկալում եմ, որ մենք կկարողանանք հայտարարել նոր ռազմական օգնության մասին: Ես ողջունում եմ հետևակի մարտական մեքենաներ ուղարկելու մասին ԱՄՆ-ի և Գերմանիայի որոշումը, թեթև տանկեր ուղարկելու մասին Ֆրանսիայի որոշումը: Վստահ եմ, որ մյուս դաշնակիցները ևս Ռամշտայնում կհայտարարեն նոր օգնության մասին», - ասել Է նա:

Ստոլտենբերգի խոսքով՝ Կիևին Leopard 2 տանկերի հնարավոր մատակարարման հարցը «լինելու Է այն թեմաներից մեկը», որոնք Ռամշտայնում կքննարկվեն Ուկրաինայի ներկայացուցիչների ներկայությամբ։

«Ծանր ռազմական տեխնիկա տրամադրելու վերջին խոստումները կարևոր են, և ես ավելի շատ նոր խոստումներ եմ ակնկալում մոտ ապագայում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Մենք պատերազմի վճռական փուլում ենք: Մենք կատաղի մարտեր ենք տեսնում:

Կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհն է», - կարծում է գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը հավելել է, որ «հարկավոր Է տրամադրվել երկարատև հակամարտության և շարունակել օգնել Ուկրաինային»:

Բացի այդ, Լոնդոնում հայտարարել են Challenger 2 տանկեր և մի քանի Apache ուղղաթիռներ Ուկրաինա տեղափոխելու պլանների մասին։

Նմանատիպ նյութեր