211652_close_icon
views-count48945 դիտում article-date 18:50 04-01-2023

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. ոստիկանների օպերատիվ արձագանքման շնորհիվ Գյումրիում գողը հայտնաբերվեց պահարանի մեջ՝ հայտնվելով «Դե արի, էս մարդկանց ասա՝ տրոլեյբուսի եմ սպասում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ է ստացվել Գյումրու բնակիչ Վ. Հ-ից, ով  հայտնել է, որ միացել է Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի իր տան ահազանգման համակարգը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները օպերատիվորեն ժամանել են նշված հասցե, որտեղ Ռուստամ Կաժոյանին պատկանող տան հյուրասենյակի զգեստապահարանի մեջ հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Հարություն Պետրոսյանին, ով գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ 

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նշված տանից գողացված արծաթագույն շղթաներ, կանաչավուն շղթա, սև քարով կախազարդ, որոնք թանկաժեք իրեր են։

Հ. Պետրոսյանը ոստիկանության Կումայրիի բաժնից գողոնով հանդերձ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին Գյումրիում  գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր