211652_close_icon
views-count23558 դիտում article-date 13:32 30-12-2022

Խոշոր ավտովթար-վրաերթ Երևանում․ BMW-ն բախվել է բազալտե հենապատին և հետընթաց վրաերթի ենթարկել հետիոտնին․ վիրավորներին պատգարակներով շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում BMW 528 մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Զաքարիա Քանաքեռցու փողոց ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Զաքարիա Քանաքեռցու փողոցի վրա գտնվող «Վահե Կարապետյան» կենտրոնի բազալտե հենասյանը և հետընթաց ընթանելով, բախվել է փողոցով անցնող տղամարդուն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ- փրկարարական ջոկատի 2-րդ խմբի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Հրշեջ-փրկարարները BMW-ի վարորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների հետ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները և պարեկները շտապօգնության ավտոմեքենային են պատգարակով մոտեցրել նաև վրաերթի ենթարկված տղամարդուն։ 

Բժիշկները 2 վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթար-վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ի վարորդի ինքնազգացողությունը, ավտոմեքենան վարելիս, վատացել է, ինչն է դարձել է վթար-վրաերթի պատճառ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր