Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 23–ին, հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ–ից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:
Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն եւ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ եւ անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաեւ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը: