211652_close_icon
views-count903 դիտում article-date 15:33 19-12-2022

Հայտնաբերվել է շուրջ 264 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Դեկտեմբերի 12-ից Արցախը կտրված է արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից: Ադրբեջանն առավոտյան ժամը 10:30-ից, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը: Արդեն մեկ շաբաթ է՝ Արցախը շրջափակման մեջ է: ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության:

Դեկտեմբերի 12-19-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1646 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես տեխնածին, այնպես էլ կենցաղային բնույթի կանչերի թիվը:

Հրդեհի վերաբերյալ ստացվել է 8 կանչ: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանն անջատել է բնական գազի մատակարարումը՝ դեպի Արցախի Հանրապետություն: Բնակչությունը 2 օր շարունակ կենցաղում օգտագործել է մետաղական գազի բալոններ, որի արտահոսքի հետևանքով հրդեհի 3 դեպք է տեղի ունեցել: Հրշեջ փրկարարներն իրականացրել են կանխարգելման միջոցառումներ և ապահովել բնակչության անվտանգությունը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթվա ընթացքում արձագանքել են կենցաղային բնույթի 12 և տեխնածին բնույթի 11 կանչերի, այդ թվում՝ կատարելով փակված 6 դռան և 2 վերելակի բացում:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 6 ելք: Հայտնաբերվել է շուրջ 264 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ԱԻ պետական ծառայությունը բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված շուրջօրյա ծառայություն է իրականացնում: Փրկարարներն արձագանքում են բոլոր դեպքերի և պատահարների վերաբերյալ կանչերին:

Նմանատիպ նյութեր