211652_close_icon
views-count32299 դիտում article-date 16:01 11-12-2022

Հերթական խոշոր ավտովթարը Երևանում․ բախվել են Mercedes CLS63-ն ու Opel-ը․ կա 5 վիրավոր․ բնակիչներն էլ ասում էին․ «Ավինյանը խոստացավ, բայց «ո՛չ գվվոցը լսեցինք, ո՛չ բվվոցը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes CLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Հրայր Սանոսյանն ու Գարեգին Մադաթյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից երեքին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ  Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Վթարի վայրի հարևանությամբ ապրող քաղաքացիներն ասում էին․ «Այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախակի են լինում։ Ում ասես՝ դիմել ենք։ Անգամ, վերջերս այստեղ այցելեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու առաջիկա ընտրություններում «Իմ Քայլի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ում նույնպես դիմեցինք, որպեսզի այս հատվածում տեղադրվեն լուսակիրներ։ Նա խորհրդավոր հայացքով լսեց մեզ, խոստացավ, որ խնդիրը կլուծի, բայց մինչև այժմ նրա կողմից «ոչ գվվոց ենք լսում, ոչ բվվոց»։

Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք, որ մի բան կանի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր