211652_close_icon
views-count11910 դիտում article-date 09:32 29-11-2022

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էրիկ Աբրահամյանի ընկերները հերոսի կողմից շնորհավորում են նրա հայրիկի տարեդարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյանի ընկերները հերոսի անունից և իրենց կողմից շնորհավորում են Էրիկի հայրիկի՝ Մեսրոպ Աբրահամյանի, ծննդյան տարեդարձը։

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԵՐՈՍԱՀԱՅՐ,
միշտ լինեք առողջ և ունենաք զորավիգ ուժ։ Ապրեք երկար տարիներ ապրեցնելով  ՁԵՐ ՀԵՐՈՍԻՆ։ ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ
ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ։

Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001թ նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով՝ Մարտեր առանց կանոնների, Ֆուտբոլ, Ըմբշամարտ և Չինական բոքս։ Էրիկը նաև Արմավիրի մարզի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների (ԱՄԱԿԱՀ) հասարակական կազմակերպության, «Արծիվ-13» Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի սան էր։ Էրիկը սովորում էր Տեռնոպոլի Ազգային տնտեսագիտական համալսարանի (ՏԱՏՀ) «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» բաժնում, 2-րդ կուրսում։

2019թ-ին կիսատ թողնելով ուսումը, Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել ԱՀ Մարտունի 3-ում։ Էրիկը հրետանավոր էր։ Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով, Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։ 
Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։ Նրան ճանաչում էին «Գարադոկցի Էրո» մականունով։ Էրիկը վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։  Բոլորը հիանում էին նրա թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Միշտ ժպիտը երեսին էր՝ անկախ տրամադրությունից, նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։ 

Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում։
 
Պայծառ, լուսավոր ու կյանքով լի էր Էրիկը, հայրենիքի համար բարձր, գերբարձր պատասխանատվությամբ։ 
   
Նոյեմբերի 2 ին՝ իր ծննդյան օրը, Էրիկը վերջին անգամ է խոսել  ծնողների, բոլոր հարազատների, բարեկամների ու ընկերների հետ։                       

Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր, թե ոնց է վիճակը իրենց մոտ, ասում էր՝ «նորմալա մամ, մեր մոտ չեն կրակում»։ Այնինչ մայրը լսում էր կրակոցների ձայնը։ Հերթական զանգի ժամանակ ծիծաղելով ասել է՝  «մամ, AKS ավտոմատով ԱԹՍ եմ խփել»։ Մայրը սկսել է արտասվել։ Իսկ Էրիկն ասել է.

-Մա’մ մի արա տենց, դու տղու մամա ես, տղերքի մամաները չեն լացում․․․

Ծննդյան օրը՝ նոյեմբերի 2-ին, զանգել է բոլոր հարազատների ու բարեկամների հետ երկար խոսել է, հետո ասել. «մամ ջան, ամեն ինչ լավա, լավ մնացեք, հետո կզանգեմ»։ Դա եղել են Էրիկի վերջին զանգն ու խոսքերը...

Նոյեմբերի 2-ի իր ծննդյան օրվա գիշերը՝ լույս 3 ին, Էրիկին տեղափոխել են Մարտունի 2, որտեղ ընթանում էին թեժ մարտեր։ Չնայած Էրիկը հրետանավոր էր, բայց  ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր։ Պատմում էին, որ իր հարվածներից հատատ ոչ մի թշնամի չէր վրիպել։ Նոյեմբերի 3-ին ստացել է ծանր վիրավորում։ Երբ ընկերները փորձել են օգնել՝ չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է. «Տղեք դուք փախեք, դուք գնացեք, կասեք կգան ինձ կտանեն էստեղից»։ Ավաղ դա եղավ Էրիկի վերջին խոսքն ու շունչը։ Նա զոհվել է նոյեմբերի 3 ին։

Խաղաղություն անմեղ հոգուդ, մեր քաջ զինվոր։

Էրիկը պարգևատրվել է հետմահու՝ Արիություն մեդալով (Մարտական ծառայություն), իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից Տիգրան Մեծ մեդալով, ՀՀ «Առաջին գունդ» ՀԿ կողմից «Մարտական Խաչ» մեդալով, Անհայտ կորած Ազատամարտիկների հարազատների հասարակական կազմակերպության կողմից (ԱՄԱԿԱՀ) «Արծիվ 13» հուշամեդալով, Հզոր մայրերի միութան մեդալով, բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 2-ին, Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Էրիկ Աբրահամյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր՝ ոչ միայն Արմավիրի մարզից, այլև Երևանից, հանրապետության տարբեր մարզերից, Արցախից։

Երեկ հերոս Է. Աբրահամյանի ծննդյան օրն էր։ Մինչ ներկաները ծաղիկներ կխոնարհեին ու խնկարկում կանեին, ելույթով հանդես եկավ հոգևոր հովիվը, ապա Պաշտպանության նախարարության N զորամասի նվագախմբի կողմից հնչեցվեց Հայաստանի հիմնը, որի ժամանակ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին ոչ միայն Էրիկի, այլև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր